Մատչելիության հղումներ

Երկրորդ նախագահի գրասենյակը քննադատում է հանրաքվեն


Հայաստանի երկրորդ և գործող նախագահներ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, արխիվ

Հայաստանի երկրորդ և գործող նախագահներ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, արխիվ

ՀՀԿ-ն հակադարձում է, որ 2005-ի և 2015-ի հանրաքվեները անհամեմատելի են լեգիտիմության տեսանկյունից։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը սուր քննադատության է ենթարկել դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական հանրաքվեն՝ ընդգծելով, թե տեղի ունեցածը դժվար է անվանել ժողովրդի կամարտահայտում:

Պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքէջի՝ 2rd.am ի հարցին, թե ի՞նչ հետևանքներ կունենա ներքաղաքական իրավիճակի վրա և ընդհանուր առմամբ երկրի ապագայի համար տեղի ունեցած հանրաքվեն, որի ընթացքում արձանագրվել են բազմաթիվ կոպիտ խախտումներ, այդ թվում՝ քվեաթերթիկների լցոնումներ, ընտրակաշառքի համատարած բաժանում, մասսայական «կարուսելներ», անվերահսկելի քվեարկություն լրացուցիչ ցուցակներով և այլն, Քոչարյանի գրասենյակի ղեկավարը պատասխանում է.- «Դեկտեմբերի 6-ի ամբողջ օրը մենք ուշադրությամբ հետևել ենք քվեարկության ընթացքին, իսկ այնուհետ ձայների հաշվարկին ու արդյունքների հրապարակմանը: Տեղի ունեցածը դժվար թե կարելի է անվանել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ժողովրդի կամարտահայտում: Տարբեր քաղաքական կուսակցությունների, հասարակական շարժումների, դիտորդների և լրատվամիջոցների կողմից արձանագրված կոպիտ խախտումների համատարած բնույթը հասարակական ընկալման մեջ հանրաքվեի արդյունքները զրկում է լեգիտիմությունից: Այդպիսի ընկալման հետևանքները հղի են երկրի ապագայի համար բազմաթիվ վտանգներով»։

Մինչդեռ Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխող Հանրապետականից հակադարձում են՝ 2015-ի սահմանադրական փոփոխությունները անհամեմատ ազատ և արդար են անցել, քան Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 2005-ին ընդունվածը: Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեն մասնակիցների ակտիվությամբ և թափանցիկությամբ լավագույնն է համարում։

«Ես չեմ կարծում, որ այդ խախտումները համեմատության դաշտում նախկին հանրաքվեների կամ ընտրությունների հետ կապված ավելի ցայտուն են եղել, որևէ վտանգավոր խախտումներ մենք չենք տեսնում։ Բացարձակապես չի կարելի լեգիտիմության խնդիր դնել, մենք նման նախադեպ չենք ունեցել թե ակտիվության տեսանկյունից, և նաև վերահսկողության տեսանկյունից։ Անհամեմատելի էին դրանք մեկը մյուսի հետ»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, թե նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած հանրաքվեն միանշանակ ավելի ազատ և արդար է անցկացվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG