Մատչելիության հղումներ

Ստորագրվեց «Հյուսիս-հարավ» ծրագրի Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցման պայմանագիրը


«Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության միջև ստորագրվել է աշխատանքների իրականացման երկկողմ պայմանագիր. չինական ընկերությունը կկառուցի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի՝ Թալին-Գյումրի ճանապարհի Լանջիկ-Գյումրի 27.5 կմ երկարությամբ հատվածը:

Տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացնում են, որ չինական ընկերությունը աշխատանքներն իրականացնելու է 74.066.179,92 մլն եվրո գումարով:

Ճանպարհահատվածը կկառուցվի Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած վարկային միջոցների, Եվրոպական Միության դրամաշնորհի և Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորմամբ:

Շինարարությունը, ըստ պայմանագրի, կմեկնարկի 2016 թվականի մարտ ամսից։ Ճանապարհն ամբողջությամբ նախատեսվում է կառուցել երեք տարվա ընթացքում:

Ընկերության հետ տեղի ունեցած մինչպայմանագրային բանակցությունների արդյունքում՝ շինաշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ մի քանի առանցքային հարցերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի չինական կողմը ճանապարհի կառուցման համար մեծամասամբ օգտագործելու է տեղական շինանյութեր. մասնավորապես՝ ցեմենտը, խիճը, ավազն ու այլ հանքանյութեր 100%-ով կլինեն հայաստանյան ծագմամբ, ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ աշխատուժի շուրջ 70 տոկոսը լինելու է Հայաստանից:

Եկող տարի՝ 2016 թվականին, շինաշխատանքներ կմեկնարկեն նաև Տրանշ 3-ի հաջորդ՝ Թալին-Լանջիկ հատվածում, իսկ այս տարվա ավարտին շահագործման է հանձնվելու ճանապարհի առաջին հատվածը՝ Երևան-Արտաշատ-Երևան-Աշտարակ 31կմ ընդհանուր երկարությամբ բետոնապատ արագընթաց մայրուղին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG