Մատչելիության հղումներ

Մարտական հենակետում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայող է զոհվել:

Անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը, շուրջ 180 անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, հետպատերազմական ընթացքում առաջին անգամ հայկական հենակետերը արկակոծել է տանկերով։

Հակառակորդի խոշոր տրամաչափի հրացանից արձակած կրակոցից մարտական հենակետում զոհվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, 1991թ․ ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը։ Նա հայկական կողմի երկրորդ զոհն է վերջին մեկ շաբաթվա ընթացքում: ԼՂ պաշտպանության նախարարության փոխանցմամբ, իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ լարված։

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում կատարվածը «ահաբեկչություն» որակեց։ «Որևէ տրամաբանական բացատրություն չկա նրանց գործողություններում, որովհետև դրանց արդյունքում որևէ ձևով չի փոխվում ռազմաքաղաքական հավասարակշռությունը սահմաններում»,- հավելեց Դավիթ Բաբայանը:

Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը նաև տեղեկացնում է, որ հակառակորդը տանկերից բացի, գիշերը մարտական հենակետերի վրա մի քանի հարյուր անգամ կրակել է խոշոր տրամաչափի այլ զինատեսակներից ևս։ Այդ թվում՝ հայ դիրքապահների ուղությամբ հակառակորդը 17 արկի հարվածներ է հասցրել նաև ՏՌ-107 տիպի զենիթահրթիռային կայանքից։

Դավիթ Բաբայանի կարծիքով, վերջին օրերին ադրբեջանական ուժերի ակտիվության պատճառը ռուս-թուրքական հարաբերությունների լարումն է: «Մի քանի օր առաջ Ադրբեջանում էր Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն, մինչ այդ՝ արտգործնախարար Չավուշօղլուն: Եվ երևում է, որ այդ երկու պետությունները [Թուրքիան և Ադրբեջանը] համադրում են իրենց քայլերը, քննարկում և փորձում են հանդես գալ որպես մեկ ընդհանուր միավոր՝ գլոբալ աշխարհաքաղաքականության մեջ»,- գնահատեց ԼՂ ղեկավարի խոսնակը:

Նրա ընդգծմամբ, հակամարտության կարգավորման ուղղությամբ պաշտոնական Բաքուն որևէ լուրջ քայլ չի կատարում։ Բաբայանը նաև հիշեցնում է՝ Ադրբեջանը մերժեց նույնսիկ Մինսկի խմբի համանախագահների՝ շփման գծում կրակոցների ու խախտումների ուսումնասիրության մեխանիզմ ստեղծելու առաջարկը։

Մոտ 10 օր առաջ «Ազատությանը» տված հարցազրույցում, պատասխանելով միջնորդների առաջարկած այդ մեխանիզմին վերաբերող հարցին, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր՝ «համանախագահների առաջարկը կընդունեն միայն գրավյալ տարածքներից հայկական ուժերը դուրս բերելուց հետո»։

Սահմանային միջադեպերը հետաքննող մեխանիզմ ստեղծելու առաջարկը մերժելով՝ Մամեդյարովը միաժամանակ հայտարարել էր՝ հրադադարի ռեժիմը խախտում են հայերը։ «Օրինակ, բոլորովին վերջերս հայկական կողմից հատուկ սադրիչ հարձակումներ են եղել, գնդակոծել են ադրբեջանական գյուղերից մեկը, որտեղ այդ պահին հարսանիք էր, կրակել են հարսանիքի մասնակիցների վրա, մարդիկ հայտնվել են հիվանդանոցում»,- պատմել էր Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Վերջին օրերին շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ այսօր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նախարարն ընդգծել է, որ նախորդ օրն ադրբեջանական կողմն առաջին անգամ կիրառել է տանկային կրակ՝ 125մմ հրանոթներից, ինչը լարվածությունը նոր մակարդակի բարձրացնելու վտանգ է պարունակում:

Դեսպան Կասպրշիկն իր հերթին մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և խոստացել համապատասխան քայլեր ձեռնարկել:

XS
SM
MD
LG