Մատչելիության հղումներ

Սվետլանա Ալեքսիևիչ. Հույսի ժամանակներին փոխարինելու են եկել վախի ժամանակները


Սվետլանա Ալեքսիևիչ, դեկտեմբեր, 2015թ.

Սվետլանա Ալեքսիևիչ, դեկտեմբեր, 2015թ.

Բելառուսցի գրող, գրականության ասպարեզում 2015 թվականի Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչը երեկ Ստոկհոլմում հանդես է եկել Նոբելյան դասախոսությամբ, որում կարծիք է հայտնել, որ Խորհրդային Միության անկումից հետո հույսի ժամանակներին փոխարինելու են եկել վախի ժամանակները։

«Համարձակություն կունենամ ասել, որ մենք բաց ենք թողել մեր հնարավորությունը, որ ունեինք 90-ականներին: Հարցին՝ ինչպիսին պետք է լինի երկիրը՝ ուժեղ, թե արժանապատիվ, որտեղ մարդիկ լավ են ապրում, մենք ընտրեցինք առաջինը՝ ուժեղը։ Հիմա կրկին ուժի ժամանակն է։ Ռուսները կռվում են ուկրաինացիների դեմ։ Եղբայրների դեմ։ Իմ հայրը բելառուսցի է, մայրս՝ ուկրաինացի։ Շատերի մոտ է այդպես։ Ռուսական ինքնաթիռները ռմբակոծում են Սիրիան. Հույսի ժամանակներին փոխարինելու է եկել վախի ժամանակը։ Ժամանակը ետ է շրջվել։ Սեքընդ-հենդ ժամանակը», - ասել է Ալեքսիևիչը։

Դասախոսությունը գրողը կառուցել էր իր գրքերի թեմաների վրա: Նա խոսում էր Երկրորդ համաշխարհայինից, Աֆղանստանի պատերազմից, Չեռնոբիլի վթարից։

«Չեռնոբիլի մասին թերթերում գրում էին ռազմական բառապաշարով՝ պայթյուն, հերոսներ, զինվորներ, տարհանում։ Կայանում աշխատում էր ԿԳԲ-ն. փնտրում էր լրտեսների և դիվերսանտների, լուրեր էին պտտվում, թե վթարը ծրագրված է եղել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից, որպեսզի քանդվի սոցիալիզմի ճամբարը...

«Մինչ Աֆղանստանը ես հավատում էի մարդկային դեմքով սոցիալիզմին։ Այնտեղից վերադարձա պատրանքներից ազատ։ «Ներիր ինձ, հայր», - ասացի հորս հետ հանդիպման ժամանակ, - «Դու ինձ դաստիարակել ես՝ իմ մեջ սերմանելով հավատ կոմունիստական արժեքների նկատմամբ, բայց հերիք է մի անգամ տեսնել՝ ինչպես են խորհրդային դպրոցի նախկին աշակերտները ուրիշի հողի վրա սպանում իրենց անծանոթ մարդկանց, որպեսզի քո բոլոր խոսքերը հօդս ցնդեն։ Մենք մարդասպաններ ենք, հայրիկ, հասկանո՞ւմ ես»։ Հայրս արտասվեց»։

Իր դասախոսության ընթացքում, անդրադառնալով խորհրդային անցյալին, Ալեքսիևիչն ընդգծել է, որ նախկինում «մեր աշխարհը կազմում էին նրանք, ովքեր նստում էին, և նրանք, ովքեր նստեցնում էին»։ «Հիմա մարդիկ բաժանվում են սլավոնաֆիլների և արևմտամետների, ազգի դավաճանների և հայրենասերների, ինչպես նաև նրանց, ովքեր կարող են գնումներ անել, և նրանց, ովքեր չեն կարող։ Այս վերջինը, ես կասեի, ամենադաժան փորձությունն է սոցիալիզմից հետո, քանի որ ոչ վաղ անցյալում բոլորը հավասար էին։ «Կարմիր» մարդը այդպես էլ չկարողացավ մտնել ազատության արքայություն, որի մասին երազում էր խոհանոցում», - ասել է Նոբելյան մրցանակակիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG