Մատչելիության հղումներ

logo-print

Գյումրին վերահաստատեց ընդդիմադիր քաղաքի համբավը․ այստեղ հաղթել է «ոչ»-ը


Գյումրիի քաղաքապետարանը, արխիվ

Գյումրիի քաղաքապետարանը, արխիվ

Գյումրին համապետական այս քվեարկությանն էլ «ոչ» ասաց իշխանական նախաձեռնությանը: Ընդդիմադիր տրամադրություններով հայտնի քաղաքում, սակայն, այս փաստը քչերին է զարմացնում: Հիշեցնում են՝ նույն պատկերն է արձանագրվել նաև վերջին նախագահական ու խորհրդարանական ընտրություններում:

«Շրջե՛ք Գյումրիում ու տեսե՛ք գյումրեցոնց վիճակը: Հանրապետությունում մեկ քաղաք կա, դրա համար էլ ամբողջ հանրապետությունն աշխատում է էդ մեկ քաղաքի համար: Շրջե՛ք ու նայե՛ք ամեն մի գյումրեցու վիճակը: Այսինքն, սոցիալականով ենք պայմանավորում, դրա համար էլ չեն հավատում նախագահությանը, չեն հավատում կառավարությանը, դրա համար էլ «ոչ» են ասում», - «Ազատության» հետ զրույցում ասաց գյումրեցիներից մեկը:

«Շատ ճիշտ է ասել, որովհետև Գյումրիում աշխատանք չկա, մարդիկ վատ պայմաններով են ապրում: Գյումրիի բնակչությունը գնում է, եթե չգնան, չուղարկեն․․․ Ստեղ մնացել են մենակ ծերերը, որոնց տունը երիտասարդություն չկա: Ինչի՞ պիտի «այո» ասեն, ինչի՞ համար», - նշեց մեկ այլ քաղաքացի:

Կիրակի արձանագրված արդյունքը պարծենալու ևս մեկ առիթ է դարձել քաղաքում: Գյումրեցիները պնդում են՝ իրենք կարողանում են իրենց ձայներին տեր կանգնել:

Խորհրդարանական նախորդ ընտրություններում իշխող Հանրապետականը Գյումրիում պարտվեց «Բարգավաճ Հայաստան»-ին, իսկ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը մոտ 16 հազար 500 քվե ստացավ, ընդդիմադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ շուրջ 42 հազար 500:

Նախագահական ընտրություններից հետո Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը հրաժարականի դիմում գրեց: Հանրաքվեի օրը Շիրակի մարզպետից հետաքրքրվեցինք՝ եթե հաջողության չհասնեն, կհետևի՞ արդյոք իր նախորդի օրինակին: «Ես չգիտեմ, արտառոց ոչ մի բան չեմ տեսնում դրա մեջ: Ես համաձայն եմ բոլոր ելքերի հետ և նորմալ եմ ընդունում ցանկացած պարագայում», - ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Գյումրիի քաղաքապետը, ում վերջին նախագահական ընտրություններից հետո գյումրեցիները կատակով «Րաֆֆու Սամվել» էին ասում, հանրաքվեի արդյունքներից չի դժգոհում:

«Ինքնաբուխ բնակչությունը գնաց և ինչու չէ՝ «ոչ» ասեց: Իր կարծիքը, հիմա, էդպիսին է, և մենք որևէ խնդիր չունենք դրա հետ կապված, որովհետև ամեն մարդ ունի իր քվեն և իր փակ, գաղտնի քվեարկությամբ ինքը իր քվեարկությունը կատարեց: Ի՞նչ կա նեղվելու», - ասաց Սամվել Բալասանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG