Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն դեռ վաղ են համարում իշխանության հետ կոալիցիայի մասին խոսելը


ԲՀԿ ղեկավար անդամները նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, 26-ը օգոստոսի, 2015թ.
ԲՀԿ ղեկավար անդամները նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, 26-ը օգոստոսի, 2015թ.

Սահմանադրական փոփոխություններին կողմնակից «Բարգավաճ Հայաստան»-ն ու Դաշնակցությունը դեռ վաղ են համարում հնարավոր կոալիցիայի մասին խոսելը:

Հանրաքվեից հետո նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում ընդգծեց ԲՀԿ-ի և Դաշնակցության մասնակցությունը «Այո»-ի քարոզարշավին և շեշտեց նրանց հետ համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը: Արդյոք ուրվագծվո՞ւմ է ապագա կոալիցիան, կարելի՞ է սա հրավեր համարել. ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց՝ զերծ կմնա նման ձևակերպումից:

«Քաղաքականության մեջ առհասարակ պետք չէ բացառել ոչինչ, էս պարագայում էլ ես նման բացառություններ ոչ կանեմ, ոչ էլ կանխատեսումներ կանեմ»,- ասաց նա։

Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով՝ կոալիցիայի հարց դեռ չկա օրակարգում։ Նրա համար հասկանալի չէ Դաշնակցությանը տարբեր կոալիցիաների մաս տեսնելու ձգտումը:

«Եթե դա Դաշնակցությանը լավություն անելու տեսակետից եք նայում, շնորհակալ ենք, բայց չմոռանանք, որ մենք կարիք ունենք համատեղ երկրում էս վիճակը փոխելու։ Եվ եթե մենք մեր քննարկման արդյունքներով, և եթե հրավեր կլինի ու նաև մեր որոշումը լինի, մենք չենք խորշում, որ համատեղ աշխատանք լինի։ Ակնհայտ է, որ ներկայումս երկրի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են բոլորի ջանքերի առավելագույն համատեղում։ Եթե իշխանությունը բաց է, ուրեմն հարկավոր է օգտվել այդ հնարավորությունից, փորձել համատեղ լուծումներ տալ առանց որևէ երկրորդական, երրորդական նպատակադրումների»,- ասաց Մինասյանը։

Սահմանադրական փոփոխությունների դեմ հրապարակներ լցնել պատրաստվող Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո ԲՀԿ-ն համալրեց փոփոխությունների կողմնակիցների շարքերն ու միացավ «Այո»-ի քարոզարշավին: Դիտորդների բարձրաձայնած բազմաթիվ խախտումները ԲՀԿ-ն լուրջ չի համարում, կուսակցության մամլո խոսնակ Վահան Բաբայանն ասում է՝ հանրաքվեն քայլ առաջ էր։

«Մենք արդեն ասել ենք, որ որևէ լուրջ խախտում չենք հայտնաբերել, գնահատում ենք շատ նորմալ։ Այն ցուցանիշները և այն կազմակերպչական աշխատանքը, որ արվեց, ես կարծում եմ՝ քայլ առաջ էր և ընդհանրապես արտացոլեց մեր հասարակության ընտրությունը։ Մարդիկ իրենք են որոշել՝ «այո», թե «ոչ»։ Իսկ եթե եղել են ինչ-որ խախտումներ, թող դիմեն իրավապահ մարմիններին, ես վստահ եմ՝ հանցագործները կպատժվեն»,- ասաց ԲՀԿ-ի ներկայացուցիչը։

Դաշնակցությունը ևս կարծում է՝ կային խախտումներ, սակայն դրանք այն ծավալով չեն եղել, որ ստվերեն հանրաքվեն: «Ես չեմ կարող գնահատել այդ վիճակը այնպիսի մի մակարդակի, որ ստվեր համարեմ հանրաքվեին։ Ո՛չ ամենևին»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Վստահություն հայտնելով, որ փոփոխությունները պետք է կյանքի կոչվեն ընտրական համակարգում ձևավորված վատ ավանդույթները հաղթահարելու համար, Մինասյանը հորդորում է «Ոչ»-ի կողմնակիցներին.- «Դադարեցրե՛ք ավանտյուրիստական մոտեցումները։ Հիմա հիմք կա, որպեսզի մենք կարողանանք առաջ գնալ, ինչի՞ ենք տեղում դոփում, նորից մեր սխալները ճակատներիս հանում, խփում, ժողովրդին հիասթափեցնում։ Չէ՞ որ 825 հազար «այո»-ն սպասումներով տրված քվե է։ Ես հավատում եմ, որ ավելի շատ են «այո»-ի կողմնակիցներ։ Հիմա մենք «ոչ»-ի մեջ ունենք հսկայական զանգված, որը ուզում է փոփոխություն և «ոչ» ավելի շատ ասել է իշխանությանը և վարվող քաղաքականությանը։ Սա ուղերձ է իշխանությանը, մեզ բոլորիս, որ ինքներս էլ պետք է փոխվենք։ Իսկ ո՞վ ասաց, որ «ոչ»-ի մեջ չկա մի հատված, որ «ոչ» է ասել բոլորիս»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG