Մատչելիության հղումներ

Չնայած դատավճռին՝ հայազգի լրագրողը կրկին հայ է անվանել Անկարայի քաղաքապետին


Չնայած դատավճռին՝ հայազգի լրագրողը կրկին հայ է անվանել Անկարայի քաղաքապետին

Չնայած դատավճռին՝ հայազգի լրագրողը կրկին հայ է անվանել Անկարայի քաղաքապետին

Շաբաթասկզբին թուրքական դատարանը ավելի քան հազար լիրայի տուգանքի և 105 օրվա բանտարկության դատապարտեց Հայկո Բաղդատին

Շաբաթասկզբին թուրքական դատարանը ավելի քան հազար լիրայի տուգանքի և 105 օրվա բանտարկության դատապարտեց հայազգի լրագրող Հայկո Բաղդատին` Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքին վիրավորելու համար:

Թուրքական մայրաքաղաքի ղեկավարը հայազգի լրագրողի դեմ հայց էր ներկայացրել մոտ կես տարի առաջ` այն բանից հետո, երբ Բաղդատը Twitter-ում Գյոքչեքին հայ էր անվանել: Ստամբուլահայ լրագրողը, բացատրելով իր այս քայլը նշում է, որ ցանկացել է Անկարայի քաղաքապետին հակադարձել` օգտագործելով նրա իսկ մեթոդները:

«Մելիհ Գյոկչեքը ինձ դատի է տվել իրեն հայ անվանելու համար: Բայց ես նրան հայ անվանեցի մի շատ պարզ պատճառով․ բանն այն է, որ Անկարայի քաղաքապետն ամեն անգամ, երբ հայտնվում է համակարգչի ստեղնաշարի կամ խոսափողի առջև, սկսում է իր քաղաքական հակառակորդներին, իր քաղաքական հակառակորդների օգտին քվեարկող քաղաքացիներին, լրագրողներին հայ անվանել: Նա շարունակաբար պնդում է, որ այդ մարդիկ դավաճան են, որովհետև հայկական արմատներ ունեն: Նրա համոզմամբ այս պետության համար խնդիրների ստեղծումը առնչություն ունի այս կամ այն մարդու հայկական ծագման հետ», - սեպտեմբերին կայացած դատական նիստերից մեկից հետո ասել էր Բաղդատը:

Ուշագրավ է, սակայն, որ Անկարայի քրեական դատարանը որոշեց սահմանված պատժաչափերից կիրառել միայն տուգանքի գանձումը` հաշվի առնելով հայազգի լրագրողի՝ մինչ օրս ցուցաբերած օրինապաշտ պահվածքը, ինչպես նաև Անկարայի քաղաքապետի գործողությունները:

«Պատժաչափի կրճատման պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ Բաղդատը իրեն վերագրվող հանցանքը կատարել է Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի կողմից իրագործված սադրանքի հետևանքով, սադրանք, որն ուղղված էր հասարակության այն խմբին, որին պատկանում է ամբաստանյալը», - դատավճռի հրապարակման ժամանակ հայտարարեց գործը վարող դատավոր Սուլեյման Քոքսալդըն:

Չնայած ուժի մեջ մտած դատավճռին՝ Հայկո Բաղդատը իր մոտեցումները փոխելու մտադրություն ակնհայտորեն չունի:

Դատավճռի հրապարակումից անմիջապես հետո Հայկո Բաղդատը Twitter-ում հերթական գրառումը կատարեց․ - «Սա է իմ վերջին խոսքը: Իր հակառակորդներին հայ անվանելով Գյոքչեքն ատելություն է սերմանում: Սա զզվելի պահվածք է: Դիմում եմ Անկարայի քաղաքապետին` դու հայ ես», - գրել է ստամբուլահայ լրագրողը:

XS
SM
MD
LG