Մատչելիության հղումներ

Սիրիայի շուրջ ռուս-ամերիկյան և ռուս-թուրքական վեճերը սրվում են


Ռուս-թուրքական «բազկամարտ», ծաղրանկար, 2015թ.

Ռուս-թուրքական «բազկամարտ», ծաղրանկար, 2015թ.

Սրվել են նաև թուրք-իրաքյան հարաբերությունները։

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ ոչ թե ամերիկացիների առաջնորդած ռազմական դաշինքը, այլ ռուսների օդուժն է հարվածներ հասցրել Սիրիայի պետական բանակին։

Դամասկոսը պնդում է, որ Դեր էլ-Զորում դաշինքը ռմբահարել է «Իսլամական պետության» դեմ պայքարող սիրիական բանակի դիրքերին, գրոհների հետևանքով սպանվել է 3 զինվոր, ևս 13-ը վիրավորվել է։ Սակայն ամերիկյան բանակի ներկայացուցիչները հրապարակել են ռադարի կատարած լուսանկարները, որոնք վկայում են, որ այդ հարվածները հասցրել են Տու-22Մ3 տեսակի 12 ռուսական մարտական ռմբակոծիչներ, որոնք տեղակայվում են Հյուսիսային Օսիայում գտնվող Մոզդոկի ռազմական օդակայանում։

«Ռուսներն են դեկտեմբերի 6-ին հեռահար ռմբակոծիչներով հարվածել սիրիացիների դիրքերին։ Մենք Բաշար ալ-Ասադի վարչակարգի հետ պատերազմի մեջ չենք և չունենք Սիրիայի բանակին հարվածներ հասցնելու անհրաժեշտություն»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչ գնդապետ Սթիվ Ուորենը։

Նա նշել է, որ ամերիկացիների ղեկավարած դաշինքը դեկտեմբերի 6-ին ռմբահարել է ռուսների կողմից գրոհի ենթարկված սիրիական հենակետից 100 կիլոմետր հարավ-արևելք գտնվող թիրախը` նավթահանքը, որն «Իսլամական պետությունն» է շահագործում։

Մարդու իրավունքների հարցերով սիրիական դիտորդական կենտրոնը, որը տեղակայված է Լոնդոնում, հաստատել է, որ նշված շրջանում «Իսլամական պետության» դեմ պայքարող Սիրիայի բանակն իսկապես ենթարկվել է օդային գրոհի, որը, կենտրոնի տվյալներով, կարող էին իրականացնել արևմտյան դաշինքի օդանավերը։

Մինչդեռ, ռուսները թուրքերի գործողությունների թեմայով պահանջում են դռնփակ լսումներ ՄԱԿ-ում։ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմել է Սիրիայում և Իրաքում Թուրքիայի ռազմական գործողությունների հարցը քննարկելու հայտով։

Ժողովը վարելու է Անվտանգության խորհրդում այս ամիս նախագահող Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Օրակարգում կլինի նաև նոյեմբերի 24-ին Սիրիայի սահմանի մոտ թուրքական օդուժի կողմից Սու-24 ռուսական մարտական օդանավը վայր գցելու փաստը։

Այդ միջադեպից հետո ռուս-թուրքական հարաբերություններում ի հայտ է եկել աննախադեպ ճգնաժամ։ Անկարան պնդում է, որ ռուսական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային սահմանը, ռուսները դա հերքում են։

Անվտանգության խորհրդին դիմել է նաև Բաղդադը, բողոք հայտնելով այն կապակցությամբ, որ թուրքական բանակը ներխուժել է Իրաքի տարածք։

«Մենք հարևաններ ենք, եթե ուզում ենք բարելավել մեր հարաբերությունները, ապա Թուրքիան պարտավոր է դուրս բերել այդ զորամիավորումները»,- ասել է վարչապետ Հայդեր ալ-Աբադին։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է, թե հիմա Անկարան զորքը չի հանի, քանի որ նոր զորամիավորումն ընդամենը ժամանել է նախկինում տեղակայված խմբին փոխարինելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG