Մատչելիության հղումներ

Միջազգային մամուլն անդրադառնում է հայաստանյան հանրաքվեին


«Եվրոպացի դիտորդներն ու ընդդիմադիր պատգամավորները լուրջ խախտումներ արձանագրեցին կիրակի օրը Հայաստանում կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում»,- գրում է բրիտանական BBC-ն` մեջբերելով կիրակնօրյա քվեարկությունը դիտարկած եվրոպացի դիտորդներից մեկի` նորվեգուհի Լենե Վետտելանդի հետևյալ խոսքերը.- «Թե՛ քարոզարշավը և թե՛ բուն քվեարկությունը մեզ հիասթափություն են պատճառել: [Իշխող] Հանրապետական կուսակցությունը լուրջ ճնշումներ գործադրեց թե՛ դիտորդների և թե՛ լրագրողների նկատմամբ»։

BBC-ն չի շրջանցում նաև Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդների գնահատականը:

«Սահմանադրական այս փոփոխությունները Հայաստանի քաղաքացիներից շատ շատերի կողմից ընկալվում են որպես գործող նախագահի կողմից կիրառվող միջոց` սեփական իշխանությունը երկրորդ և վերջին նախագահական ժամկետից հետո երկարաձգելու համար»,- դիտորդների հայտարարության այս հատվածն է մեջբերում բրիտանական լրատվամիջոցը՝ հիշեցնելով, որ ԵԽԽՎ-ն Եվրոպայի առաջատար իրավապաշտպան կառույցն է:

Բրիտանական մեկ այլ հեղինակավոր լրատվամիջոց` The Guardian-ը, անդրադառնալով կիրակի օրը կայացած սահմանադրական հանրաքվեին, մեջբերում է տեղացի դիտորդների Twitter-ում արված գրառումները: «Սրանք իմ դիտարկած թվով հինգերորդ հայաստանյան ընտրություններն էին: Իմ տեսածների շարքում այս քվեարկությունը միանշանակորեն ամենաբռնին էր, վտանգավորն ու կեղծիքներով աչքի ընկնողը»,- Բաբկեն Տեր-Գրիգորյանի թվիթերյան գրառումն է մեջբերում The Guardian-ը:

Թերթը մեջբերում է նաև Կարենա Ավեդիսյանի խոսքերը. - «Զգալի թվով տեղամասերում «ոչ»-ը 0 քվե է ստացել: Չգիտես անգամ լաս, թե խնդաս»: The Guardian-ը նաև գրում է՝ «վիճահարույց այս քվեարկության արդյունքները քննադատում են նաև ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր պնդում են, որ այս ամենի իրական նպատակը գործող նախագահին իշխանության ղեկին թողնելն է նրա պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո ևս»:

The New York Times-ը արտատպել է արևմտյան առաջատար լրատվական գործակալություններից մեկի` Reuters-ի հոդվածը, որում կարդում ենք.- «Հայաստանցիները քվեարկեցին վարչապետի լիազորությունների ընդլայնման օգտին: [Սահմանադրական փոփոխությունների] կողմնակիցները պնդում են, որ սա կնպաստի երկրում կայունության հաստատմանը: Հակառակորդների խոսքով, սակայն, այս քայլը է՛լ ավելի կամրապնդի նախկին խորհրդային հանրապետության նկատմամբ իշխող կուսակցության կողմից սահմանված վերահսկողությունը»։

The New York Times-ի տպագիր տարբերակի ութերորդ էջում հրապարակված հոդվածում նաև նշված է. - «Սահմանադրական այս փոփոխությունները ընդդիմությունը հնարք է որակում, որը հնարավորություն պետք է տա Սերժ Սարգսյանին 2018-ին՝ իր նախագահական ժամկետի ավարտից հետո, սահուն կերպով տեղափոխվել ընդլայնված լիազորություններ ունեցող վարչապետի աթոռին»:

«Երկուշաբթի օրը մոտ չորս հազար մարդ դուրս եկավ Երևանի փողոցները՝ բողոքելով վիճահարույց հանրաքվեի ընթացքում ընդունված սահմանադրական փոփոխությունների դեմ, որոնք սահմանափակում են նախագահի լիազորությունները»,- գրում է France-Presse լրատվական գործակալությունը (AFP):

«Ցուցարարները բարձրախոսով վանկարկում էին.- «Դուրս արի՛ փողոց, մասնակցի՛ր հեղափոխությանը»: AFP-ն իր ընթերցողներին նաև հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնել է 2008-ին: «Այդ ընտրություններին հաջորդած բախումների ընթացքում 10 մարդ զոհվեց»,- հիշեցնում է ֆրանսիական գործակալությունը:

Eurasianet կայքն էլ, անդրադառնալով ընտրացուցակների ուռճացվածության խնդրին, մեջբերում է Transparency International կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքը. - «Ես չեմ զարմանա, եթե 2017-ին Հայաստանի բնակչության 110-120 տոկոսը հայտնվի ընտրացուցակներում»:

XS
SM
MD
LG