Մատչելիության հղումներ

Նավալնին խնդրել է Շվեյցարիային հետաքննել Չայկայի որդու գործունեությունը


Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկա

Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկա

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը դիմել է Շվեյցարիայի դատախազությանը՝ խնդրելով հետաքննել Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկայի որդու՝ Արտյոմ Չայկայի գործունեությունը։

«Դիմումում խոսքն այն մասին է, որ Շվեյցարիայի տարածքում առնվազն 10 տարի գործում է հանցավոր խումբ, որի նպատակն է հանցավոր ճանապարհներով ձեռք բերված միջոցների լվացումը»,- իր բլոգում գրում է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար, ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին։

Նա նշել է, որ փաստաթղթում նաև հիշատակված են մի քանի շվեյցարացի իրավաբանների անուններ, որոնք, ինչպես կարծում են հիմնադրում, «հանցավոր գործունեություն են իրականացնում, այդ թվում՝ օրինականացնում ՌԴ գլխավոր դատախազի որդու՝ Արտյոմ Չայկայի միջոցները»։

Բացի այդ, հիմնադրամը նաև խնդրել է ստուգել Արտյոմ Չայկայի՝ Շվեյցարիայում բնակության թույլտվություն ստանալու օրինականությունը։ «Շատ հնարավոր է, որ այդ բնակության թույլտվությունը Արտյոմ Չայկան ստացել է ինչ-որ կիսաքրեական ճանապարհներով»,- ավելացրել է Նավալնին։

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը դեկտեմբերի 1-ին հրապարակել է հետաքննություն, որի հեղինակները ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի ընտանիքի անդամներին և դատախազության մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրում են կոռուպցիայի և ապօրինի ճանապարհներով բիզնեսով զբաղվելու մեջ։

Նավալնիի խոսքերով, միայն այդ մասին ֆիլմը մեկ շաբաթում դիտել է ավելի քան 3 միլիոն մարդ։ «Դատախազության կապերը հանցավոր խմբավորումների հետ ցնցել են բոլորին անխտիր»,- նշում է քաղաքական գործիչը։

Կրեմլը հայտարարել է, որ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամն իրենից հետաքրքրություն չի ներկայացնում։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը բացատրել է, որ հետաքննությունը անձամբ գլխավոր դատախազի մասին չէ։ Պեսկովը միևնույն ժամանակ նշել է, որ հիմնադրամի հրապարակած տվյալները Կրեմլի համար «հասանելի էին» դեռ կես տարի առաջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG