Մատչելիության հղումներ

Հանրաքվեի օրը ստացված ահազանգերի թվով Քանաքեռ-Զեյթունի թիվ 3/20 ընտրատեղամասը երրորդն է «Թրանսփարենսի Հայաստան»-ի ցանկում․ դիտորդներն այստեղ մոտ 3 տասնյակ խախտումների մասին էին հաղորդել՝ ընտրողների ուղղորդումից մինչև բազմակի քվեարկության փորձ, ՀԱԿ-ի վստահված անձն էլ խոսում էր կրկնակի քվեարկության դեպքերի մասին։

Քվեարկության ընթացքում այս տեղամասում հաճախ ընդհարվել էին ՀԱԿ-ի և Հանրապետականի վստահված անձինք, երկու երիտասարդ դիտորդներին կոչ էին արել տեղամասից գնալ, չխանգարել, իսկ ընդհանրապես՝ նաև ամուսնանալ։

«Ասպարեզ» ակումբի լրագրող Անահիտ Ղարիբյանի խոսքով, գողացել էին իր լիցքավորման լարը, որ այլևս չկարողանա նկարահանել։

Այս տեղամասը ռեկորդակիրներից մեկն է նաև այլ ցուցանիշով. այստեղ օգտագործված 977 քվեաթերթիկներից 125-ը համարվեցին անվավեր, մինչդեռ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, մեկ ընտրատարածքում միջինը անվավեր է ճանաչվել 26 թերթիկ։

Թիվ 3/20-ում Հանրապետական կուսակցության վստահված անձն էր Երևանի ավագանու անդամ Հակոբ Էքիզլարյանը, ով շարունակ ստուգում էր «ոչ»-ի քվեները, երբեմն կասկած հայտնում դրանց վավերականության վերաբերյալ։ Նրան հատկապես զայրացնում էին դեղին գրիչով արված «այո»-ի քվեները, նկարահանում էր դրանք, իսկ մեկ այդպիսի քվե նկարելիս էլ ասաց՝ «դրանք հլը կտեսնեն»։

Հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ ներկայացուցիչ Հասմիկ Խաչատրյանը մոտ 60 քվեաթերթիկ միանգամից անվավեր համարեց, ևս 60-ը նրան կասկածելի թվացին հաշվարկի ժամանակ, քանի որ դրանց շարքում կային, ըստ Խաչատրյանի, կետեր պարունակող նշումներ, ինչին ընդդիմադիր վստահված անձը համաձայն չէր։ Վերջում ողջ հանձնաժողովը համաձայնեց կասկածելի 60 քվեաթերթիկները անվավեր համարել, ընդ որում դրանց ճնշող մեծամասնությունը, դիտորդների կարծիքով, «ոչ»-ի սովորական քվեներ էին։

Այս ընտրատեղամասում «այո»-ն ստացավ 469 քվե, «ոչ»-ը՝ 379, 125 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր։

Ի դեպ, հանձնաժողովի նախագահը ոստիկաններին թույլ չտվեց դարպասի մյուս կողմից «Ազատության» տեսախցիկի համար լրացուցիչ հիշողության կրիչ բերել, ինչը հնարավորություն կտար ավելի շատ մանրամասներ տեսագրել։

XS
SM
MD
LG