Մատչելիության հղումներ

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են բացահայտել լրագրողների նկատմամբ բռնությունները


Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան

Բորիս Նավասարդյանի պնդմամբ՝ լրագրողները պատահաբար չեն հայտնվել թիրախում։

Տասը լրագրողական կազմակերպություններ, դատապարտելով հանրաքվեի անցկացման ժամանակ լրագրողների նկատմամբ բռնությունները, իրավապահներից պահանջում են անաչառ հետաքննություն անցկացնել՝ բացահայտելով և պատժելով մեղավորներին։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը պնդում է, որ լրագրողները պատահաբար չեն հայտնվել թիրախում։ «Այստեղ մենք տեսնում ենք ընդհանուր քաղաքականություն լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ, երբ որ իրենք կարող են իրենց գործունեությամբ վնաս հասցնել ինչ-որ մասնավոր շահերին, որոնք կապված են նաև անօրինականությունների հետ, ապա որևէ լրագրողի, որևէ լրատվամիջոցների իրավունք հաշվի չի առնվում», - ասաց Նավասարդյանը։

Նա օրինակ է բերում տեսագրությունները, որտեղ ոստիկանները որևէ կերպ չեն միջամտել լրագրողների վրա հարձակումներին։ Նրա կարծիքով, սա ցույց է տալիս, որ ոստիկանները հրահանգ են ունեցել՝ աչք փակել այսօրինակ դեպքերի վրա։

«Մենք արդեն մեզ համար բոլոր հիմքերն ենք ստանում հետևություն անելու, որ այս ամեն ինչի հետևում ոչ թե պրոֆեսիոնալիզմի պակասն է, ոչ թե իրավապահ մարմինների վատ աշխատանքն է, այլ նաև հստակ քաղաքական պատվեր կա՝ հենց այդ ձևով արձագանքել այդ բոլոր օրենքների խախտումներին», - ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահը։

Հայտարարությանը միացած Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ դեկտեմբերի 6-ին բռնության է ենթարկվել երկու լրագրող, ևս 13-ը բախվել է խոչընդոտումների։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Նունե Սարգսյանն, իր հերթին, շեշտում է, որ անպատժելիության հետևանքով լրագրողներն այսօր դարձել են խիստ խոցելի։

«Ամեն մեկը կարծում է, որ ինքը կարող է լրագրողի դեմ հանդես գալ և խոչընդոտել նրա աշխատանքը, ինչը սարսափելի վրդովեցնում է։ Ինչ-որ դեպքերում դրանք թաղային հեղինակություններ են, ինչ-որ դեպքերում միգուցե նաև հոգեպես ոչ կայուն մարդիկ են, շատ դժվար է բնորոշել, ինչ-որ դեպքերում նրանք ուղղորդվում են միանշանակ, բոլոր դեպքերում նրանք հովանավորվում են», - ասաց Սարգսյանը։

Հանրաքվեի հաջորդ օրն իսկ միասնական հայտարարություն տարածելով՝ հեղինակները հույս չունեն, որ իշխանություններին ուղղված պահանջները կկատարվեն։ Հիշեցնում են կես տարի առաջ Բաղրամյան պողոտայի ցույցերի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնությունների գործը՝ չնայած տեսագրություններին, մեղավորները մինչ օրս պատժված չեն՝ քրեական գործը նախաքննության փուլում է։

«Ամեն անգամ մենք մտածում ենք, թե ինչ կլինի այդ հայտարարությունների հետ և ինչ հետևանքներ կլինեն։ Հիմնականում նրանք մնում են եթե ոչ ամբողջովին անպատասխան, ապա համենայն դեպս ոչ մի հետևանք, իրավական հետևանքներ մասնավորապես դրանից չեն բխում», - ասաց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ղեկավարը։

Պաշտոնական հաղորդագրությամբ, հանրաքվեի օրը «Ազատության» և ilur.am-ի լրագրողների գործունեությունը խոչընդոտելու համար Գլխավոր դատախազությունում նյութեր են նախապատրաստվում։ Քրեական գործ առայժմ հարուցված չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG