Մատչելիության հղումներ

logo-print

Ազգային ժողովի ներկայացուցիչներն այժմ բանակցում են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդների հետ, որոնք երեկ քննադատական հայտարարություն էին տարածել հայաստանյան հանրաքվեի վերաբերյալ, այսօր Ազգային ժողովում ասաց վարչապետ, «Այո»-ի շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը՝ չհստակեցնելով, սակայն, թե ովքե՞ր են բանակցում և հատկապես ի՞նչ նպատակով:

«Ես՝ որպես «Այո»-ի շտաբի ղեկավար, ամեն ինչ արել եմ, որպեսզի հանրաքվեն անցնի անաչառ, թափանցիկ և արդար։ Եթե կա որևէ տեղ որևէ քաղաքացի՝ մեր թիմակիցներից, որ կատարել է խախտում ինքնուրույն, ապա պետք է պատասխանատվություն կրի։ Որևէ ցուցում չի եղել, հակառակը՝ մենք ասել ենք՝ կազմակերպե՛ք թափանցիկ ընտրություններ, արդյունքն ինչ կլինի, կլինի»,- ասաց Աբրահամյանը։

ԵԽԽՎ զեկույցի մասին հարցին էլ Աբրահամյանը պատասխանեց.- «Ես դեռ չգիտեմ, մեր ԱԺ ընկերները կավարտեն իրենց բանակցությունները, կհայտարարեն մեզ, մենք կտեղեկանանք»։

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի գրասենյակից առայժմ չհաջողվեց հստակեցնել՝ արդյոք եվրոպացի դիտորդների հետ բանակցո՞ւմ են Վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամները և նրանց թվում կա՞ն արդյոք ընդդիմադիր պատգամավորներ:

Երեկ Նաղդալյանի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել, թե ԵԽԽՎ դիտորդների մատնանշած խնդիրների վերաբերյալ պատրաստում են տեղեկատվություն, որպեսզի դրա հիման վրա «մեր եվրոպացի գործընկերները ներկայացնեն նախատեսվելիք հուշագիրը [Վեհաժողովի] Բյուրոյին»:

Երեկ ԵԽԽՎ դիտորդները հայտարարեցին, թե Հայաստանում անցկացված «հանրաքվեն պայմանավորված է քաղաքական շահերով, այլ ոչ թե հայ ժողովրդի կարիքներով»։

«Կան ահազանգեր այն մասին, որ տեղի է ունեցել քվեների առք, «կարուսելի» կարգով քվեարկություն և ճնշումներ ընտրողների վրա»,- հայտարարում են Վեհաժողովի պատվիրակները՝ հավելելով, որ «գործադիր իշխանությունը վարչական ռեսուրս է կիրառել, կան պնդումներ ճնշումների, ընտրական կառույցների պաշտոնյաներին կաշառելու մասին»։

«Ազատության» հարցին՝ արդյոք մասնակցո՞ւմ է ԵԽԽՎ դիտորդների հետ բանակցություններին, Վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց.- «Չգիտեմ տեղին է արդյոք «բանակցություն» տերմինը, թե՝ ոչ, բայց, բնականաբար, մենք կփորձենք ԵԽԽՎ մեր գործընկերներին տալ պարզաբանումներ իրենց արտահայտած մտահոգությունների վերաբերյալ»:

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ով նույնպես Վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ է, «Ազատությանն» ասաց, որ ինքը տեղյակ չէ բանակցությունից, ու մտահոգվեց՝ ի՞նչ է նշանակում բանակցել:

«Դիտորդական առաքելության հետ բանակցելը մի քիչ այլ նշանակություն է պարունակում։ Դա նշանակում է, որ նրանք ցանկանում են ազդել դիտորդների վրա։ Իսկ դրանից արդեն, կներեք, մի քիչ այլ հոտ է գալիս։ Եթե ինֆորմացիա ունեն, թող տրամադրեն, բայց ի՞նչ է նշանակում բանակցել, բանակցել ինչի՞ մասին... որ ավելի քիչ կոշտ լինի՞ այդ հայտարարությունը»,- ասաց Զուրաբյանը։

Ընդդիմադիրը պնդում է՝ այս անգամ եվրոպացի պատգամավորների գնահատականն առավել խիստ էր, քանի որ նրանց ղեկավարում էր իր սկզբունքայնությամբ հայտնի Անդրեաս Գրոսը, ով, ըստ Զուրաբյանի, անաչառ է ու չի վախենում իշխանությունների երեսին ասել ճշմարտությունը. - «Եթե թարգմանենք սովորաբար նման փաստաթղթերում ընդունված բավականին դիվանագիտական լեզվից, ապա սա բավականին կոշտ հայտարարություն է, որը, ըստ էության, կասկածի տակ է դնում սահմանադրական հանրաքվեի լեգիտիմությունը»։

XS
SM
MD
LG