Մատչելիության հղումներ

Վարչապետ. Քվեարկության արդյունքները բոլորիս համար ընդունելի են՝ լավ, թե վատ


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանրաքվեի օրը ընտրատեղամասում զրուցում է լրագրողների հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանրաքվեի օրը ընտրատեղամասում զրուցում է լրագրողների հետ

Կան դժգոհություններ, բողոքներ` թող դիմեն պատկան մարմիններին, ասաց Հովիկ Աբրահամյանը։

«Քվեարկության արդյունքները բոլորիս համար ընդունելի են՝ լավ, թե վատ», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ խոսելով դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին:

«Այսօր ունենք այն, ինչ որ ունենք։ Կան դժգոհություններ, բողոքներ՝ թող դիմեն պատկան մարմիններին՝ վերհաշվարկի, կամ, չգիտեմ, եթե խախտումներ կան, խախտումների համար։ Ես՝ որպես շտաբի ղեկավար, կազմակերպել եմ, որպեսզի անցնի թափանցիկ և արդար ընտրություններ։ Եթե ընթացքում եղել են պրոբլեմներ, թող դիմեն, ասել ենք մի քանի անգամ», - հայտարարեց իշխող Հանրապետական կուսակցության «Այո»-ի շտաբի ղեկավար Աբրահամյանը:

«Ազատության» դիտարկմանը, թե ընտրությունների վերջնական արդյունքները չամփոփված՝ հանրապետության նախագահը իրականություն է համարել կառավարման խորհրդարանական համակարգը, վարչապետը արձագանքեց. - «Որովհետև այն արդյունքները, որ կա՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որ հայտարարել է, և այն դիմումները, որ կան՝ չհամաձայնելու արդյունքներին, շատ փոքր, չնչին թվեր են, և դա չի կարող արդյունքի վրա որևէ նշանակություն ունենալ»։

«Ազատության» հարցին, թե դիտե՞լ է ԶԼՄ-ների տարածած տեսանյութերը խախտումների վերաբերյալ, վարչապետը պատասխանեց, որ ոչ։ «Ոչ, ես սոցցանցում եմ տեսել, և տեսել եմ, որ դրանք տարածել են շահագրգիռ մարդիկ, ովքեր որ ուզում են սևացնեն, ստվերեն ընտրությունների արդյունքները, և դա որևէ հիմք չի, որովհետև բազմաթիվ տեխնիկայի պայմաններում նկարներ են ստեղծում և տեղադրվում սոցցանցերում», - ասաց Աբրահամյանը։

Ճշտող հարցին, թե մոնտաժվա՞ծ էին դրանք, վարչապետը պատասխանեց՝ այո․ - «Ես կարծում եմ, որ դրանք մոնտաժված են, իսկ եթե ոչ, ապա պատասխան կտան մարդիկ։ Տարաբնույթ խոսակցություններ, ձևակեպումներ կան, թող սպասենք, ստուգեն մարդիկ»։

Հանրաքվեից հետո կառավարությունը կաշխատի մինչև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները։ Հարցին՝ հնարավո՞ր է, որ 2017-ից հետո Սերժ Սարգսյանը զբաղեցնի վարչապետի պաշտոնը, Հովիկ Աբրահամյանն այսպես արձագանքեց. - «Երբեք մի ասա երբեք։ 2017-ից հետո կապրենք կտեսնենք, Ազգային ժողովի ընտրությունների արդյունքից է կախված՝ հաջորդ վարչապետը որ քաղաքական ուժը կներկայացնի, եթե Հանրապետականը հաղթի, Հանրապետականը կորոշի, թե ով կլինի վարչապետ»։

XS
SM
MD
LG