Մատչելիության հղումներ

Օբաման հանձնարարել է «Իսլամական պետության» դեմ պայքարի նոր տարբերակներ մշակել


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա, արխիվ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա, արխիվ

Ամերիկյան հետախուզության զեկւյցի համաձայն՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ջանքերն առայժմ չեն կանխում ԻՊ-ի ընդարձակումը։

Ամերիկյան հետախուզությունը Սպիտակ տան պատվերով «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման մասին նոր զեկույց է պատրաստել։ Այդ մասին գրում է The Daily Beast ամերիկյան պարբերականը։

Ամերիկացի պաշտոնյաները թերթին հայտնել են, որ զեկույցը կանխատեսում է «Իսլամական պետության» տարածում ամբողջ աշխարհով։ «Իսլամիստ ծայրահեղականների շարքերը կընդարձակվեն, եթե ահաբեկչական խմբավորումը Իրաքում և Սիրիայում ունեցած տարածքներից չզրկվի», - պնդում է թերթի մեկնաբան Քիմբերլի Դոզիերը։

«Զեկույցը ակնհայտ կերպով հակասում է ավելի վաղ Սպիտակ տան հնչեցրած պնդումներին, թե Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ընդարձակումը հաջողվել է կանխել։ Սա խոստովանություն է այն մասին, որ Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի ջանքերն առայժմ չեն կանխում «Իսլամական պետության» ընդարձակումը և նոր համակիրների ներգրավումը, թեև կոալիցիայի օդուժի ջանքերով հաջողվել է վտարել ահաբեկչական խմբավորումներին Իրաքի և Սիրիայի որոշ շրջաններից», - գրում է Դոզիերը:

The Daily Beast-ի հետ այս մասին զրուցել են ամերիկացի երեք բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր չեն ցանկացել իրենց անունը հրապարակել։

Զեկույցն ուսումնասիրելուց հետո Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման պաշտպանության նախարար Էշթոն Քարթերին և ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդին խնդրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի նոր տարբերակներ մշակել։

Հակաահաբեկչական արշավն ընդլայնվում է, օգտագործվում է նույն զինանոցը, որն ավելի վաղ կիրառվում էր «Ալ-Ղաիդա»-ի դեմ պատերազմում, գրում է պարբերականը:

Էշթոն Քարթերը հայտարարել է, թե ԱՄՆ-ի հատուկ գործողությունների հրամանատարության շուրջ 200 զինծառայողներ Իրաքում և Սիրիայում արշավանք են նախատեսում՝ մասնավորապես համակարգելու Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող արաբական կոալիցիայի հարվածները:

Զեկույցը նկարագրում է, որ «Իսլամական պետություն»-ը արդեն տասնյակ երկրներում խմբավորումների ցանց ունի, որոնք հավատարմության երդում են տվել կամ ձգտում են անդամակցել ԻՊ-ին:

Պարբերականը վերադառնում է Քարթերի նախաձեռնությանը: Նախարարն ասել է, որ ամերիկյան հատուկջոկատայինները գործողություններ են իրականացնելու Իրաքում ՝ Բաղդադի համաձայնությամբ և իրաքյան ուժերի հետ համատեղ: Սակայն Պենտագոնն առայժմ չի որոշել, թե ինչ է անելու, երբ ամերիկացիները սկսեն Սիրիայում ԻՊ-ի առաջնորդների գերեվարել. ենթադրվում է, որ նրանց կփոխանցեն Իրաքի կառավարությանը ՝ հարցաքննության համար, կամ կհանձնեն դատարաններին:

Թերթի հետ զրուցած պաշտոնյաները մտավախություն են հայտնել, որ Սիրիայում և Իրաքում հատուկ գործողությունների ու հարվածների հաճախակիությունը խնդիրը չի լուծելու. հնարավոր է՝ զգալի վնաս հասցվի ԻՊ-ին, միգուցե այդ դեպքում էլ ահաբեկչական խմբավորման հռչակը խամրի և հնարավոր լինի ժամանակ շահել Սիրիայի նախագահի հրաժարականը պահանջելու շուրջ համաձայնության համար, ասվում է հոդվածում:

«Ակնհայտ է, որ մենք պետք է ակտիվացնենք գլոբալ ջանքերը», - ասել է անանուն պաշտոնյան՝ խոսելով իսլամիստ ծայրահեղականների դեմ կոնֆիդենցիալ դիվանագիտական ջանքերի մասին: Քանի դեռ նրանք տարածքներ ունեն, կարող են առաջ մղել իրենց տարբերակը, թե իբր խալիֆայություն ունեն, ընդգծել է պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG