Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղում բոլորը մեկ մարդու պես «այո» են քվեարկել


Ներքինխնձորեսկցի կինը երեխաների հետ
Ներքինխնձորեսկցի կինը երեխաների հետ

«Ոչ» քվեարկածների թիվը 0 է։ Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը զարմացել է բացարձակ միակարծությունից։

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղում սահմանադրական հանրաքվեին մասնակցած 822 ընտրողները միաբերան «այո» են ասել իշխանության նախաձեռնությանը, պաշտոնական տվյալներով դեմ քվեարկածների թիվը 0 է։

Ընդ որում հանրաքվեին մասնակցել է գրանցված ընտրողների 98 տոկոսը։ Գյուղապետ Մարտուն Արզանյանը չի զարմանում։ Դեռ 90-ական թվականներից բոլոր ընտրություններում իշխանությունները Ներքին Խնձորեսկում 100 տոկոսանոց քվե են ստացել։

«Մարզպետը որ լսեց, որ 100 տոկոս ա, ասաց՝ ամոթ ա, գոնե մարդկանց հաշվի առեք, դե որ դեմեր էլ կան էլի, լավ չի, որ 100 տոկոսով ըլի, բայց դե ժողովուրդը չթողեցին, ասին՝ մեր կամքով ընտրել ենք, խի՞ եք մեր ձայնի իրավունքը կտրում»,- պատմեց գյուղապետը։ ։

Ադրբեջանի հետ սահմանակից գյուղում այս անգամ ընտրելու իրավունք են ստացել նաև պայմանագրային զինծառայողները։ Մարտուն Արզանյանը, որ գյուղի ղեկավարն է արդեն շուրջ 20 տարի համոզված է, առանց նրանց քվեի էլ իր գյուղում արդյունքները 100 տոկոսանոց էին լինելու. պնդում է՝ հանրաքվեն ազատ, արդար ու թափանցիկ է անցել։

«Անձամբ ես Հանրապետական կուսակցության վստահելի անձն եմ եղել։ Ներկա եմ եղել, «այո»-ի մեջ մի խազ կար, ես անձամբ առաջարկեցի, որ անվավեր համարեն։ Ով որ կասկածում ա, թող ստուգեն»,- ասաց գյուղապետը։

Բնակիչներից շատերը հաստատեցին, որ գնացել են քվեարկության ու «այո» ասել։

«Ցույց են տալիս, ասենք, ղեկավարությունը ասում է՝ հանուն վաղվա ապագայի է։ Միգուցե, ի՞նչ իմանամ։ Փորձը փորձանք չի, էս անգամ էլ փորձենք»։

«Ինչ ասում են, ղեկավարության ասածը պտի անենք, էդ ա, չանենք... ստեղի ղեկավարը ուզում ա «այո» ըլի, մենք էլ «այո» ենք ասում, ղեկավարը չի ուզում՝ մենք էլ չենք ասում։ «Ոչ» ասող չի եղել, մեր գյուղում տենց բան չկա։ Էս գյուղում ամբողջությամբ մի հոգու ենք ընտրում։ Ասում են՝ այո, այո ենք ասում, ասում են՝ ոչ, ոչ ենք ասում։Այո, այո, անպայման այո։ Միգուցե «այո»-ն սխալ ա, միգուցե «ոչ»-ն ա սխալ, բայց մենք բոլորս գնացել «այո» ենք քվեարկել մեր ընտանիքով»,- պատմեց գյուղացիներից մեկը։

«Մենք էդ ձևի ենք կարծում։ 27 տարի ապրում ենք էս դոմիկում՝ որպես փախստական, ոչ տուն ենք ստացել, ոչ բան, միշտ էլ մենք կողմ ենք եղել գլխավոր մեր կառավարությանը։ Բայց դե չգիտեմ»,- ասաց մեկ այլ ներքինխնձորեսկցի։

Անկախությունից հետո հիմնադրված այս գյուղում հիմնականում Խնձորեսկից ու Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքներ են բնակվում։ Ոչ ոք չէր թաքցնում՝ աղքատ գյուղ է՝ փոքր բյուջեով ու մեծ խնդիրներով, իշխանությունների աչքից հեռու: Գյուղ տանող ճանապարհներն անանցանելի են, քաղաքի հետ կապող տրանսպորտային միջոց չունեն, սահմանամերձ գյուղերին տրված արտոնություններից էլ հիմնականում չեն օգտվում։ Այսքանով հանդերձ՝ իրենց պարտքն են համարում մասնակցել ու միշտ քվեարկել հոգուտ իշխանությունների։

«Ասենք սահմանադրությունը փոխել են, գոնե էս գյուղը ճանաչեն որպես սահմանամերձ, էդ էլ չկա»,- դժգոհեց մի գյուղացի։ «Դուք էլ ե՞ք գնացել քվեարկության»։ «Հա, բա ի՞նչ եմ արել»։

Որոշ դեպքերում ներքինխնձորեսկցիները թաքցնում էին, թե ինչպես են քվեարկել.- «Դե, փակ քվեարկություն ա, ես գիտեմ՝ ոնց եմ քվեարկել։ Որ փակ քվեարկություն ա, գաղտնիք ա էլի, բա ի՞նչ ա»։

Ներքինխնձորեսկցի Ասյան ևս համաձայն է սահմանադրական փոփոխություններին, բայց երեկ հիվանդության պատճառով չի գնացել ընտրական տեղամաս։ Իր փոխարեն քաղաքացիական պարտքն ամուսինն է կատարել։ Ամուսինը՝ Սերոբը հաստատեց.- «Հանձնաժողովում թույլատրել են։ Ինքը վատառողջ ա եղել, չի կարեցել գա, ես խնդրեցի հանձնաժողովին, թույլատրեցին, քվեարկեցի»։

Մինչդեռ Խնձորեսկում, տրամադրությունները բոլորովին այլ էին։

«Սյունիքի մարզը ո՞նց պիտի քվեարկի, պետության համար, Լիսկայի՛ համար։ Կարգադրում են, թե սենց արեք, իրենք էլ տենց են անում»,- ասաց գյուղացիներից մեկը.- «Էստեղ Լիսկան կթողա՞...»։

Պաշտոնական տվյալներով՝ Խնձորեսկում «այո»-ի օգտին քվեարկել է մասնակիցների 89 տոկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG