Մատչելիության հղումներ

Ընտրատեղամասային հանձնաժողովի ՀԱԿ անդամն ու վստահված անձը քվեների վերահաշվարկ են պահանջում


Թիվ 4/20 ընտրատեղամասային հանձնաժողովը նիստը:

Թիվ 4/20 ընտրատեղամասային հանձնաժողովը նիստը:

Արաբկիր համայնքում թիվ 4/20 ընտրատեղամասային հանձնաժողովի ՀԱԿ անդամն ու վստահված անձը պնդում են, որ նախագահ Կոլյա Մոսինյանը քվեաթերթիկների հաշվարկից հետո արձանագրված պատկերը գլխիվայր է շրջել՝ 161 «այո»-ն դարձնելով 977։

Հանձնաժողովի անդամ Ալիտա Սարդարյանի խոսքով, հաշվարկից ու արձանագրություն կազմելուց հետո նախագահը հրաժարվել է ստորագրել փաստաթուղթն ու սկսել է նորը կազմել։

«Երբ ինքը նորից էր գրում, բա՝ էկեք ստորագրեք: Ասեցի՝ ի՞նչ ես գրում, Անին ասեց թվերն ա մեծացնում: Ուրեմն 161-ը դարձրել էր 977, ու ասում էր եկեք ստորագրեք: Ես էդ թղթերը վերցրեցի, թույլ չտվեցի շարունակի ու դնի պարկի մեջ: Ու դուրս եկա, ինքը հետևիցս եկավ, ինձ խեղդում էր, հարձակվել էր վրաս՝ խեղդում էր ինձ որ ձեռքիցս վերցներ, իմ արձանագրությունը պատռեց: Ոստիկանները իբր թե միջամտեցին․․․ Որ ոստիկանապետի տեղակալը եկավ՝ Մկոյանը, իր աշխատակիցը և էստեղի ոստիկանները, ես հասկացա, որ ինչ-որ բան կատարվելու ա», - «Ազատության» հետ զրույցում պատմեց նա։

Դրանից հետո սկսվել է թեժ վիճաբանություն, որը փորձել է հեռախոսով տեսագրել ՀԱԿ-ի վստահված անձ Անի Թովմասյանը: «Ազատության» հետ զրույցում Թովմասյանը պնդեց, թե ոստիկանները անօրինականությունը կանխելու փոխարեն աջակցել են դրան․ - «Երբ ես իրենց ասացի, որ մեզ առանց քաղվածք ու օրինակ տրամադրելու, իրանք տանում են, ասեցին՝ դա մեր պրոբլեմը չի, մենք ընդամենը ուղեկցում ենք պարկը: Բացի այդ, երբ ավտոյի դիմաց էինք կանգնել, չէինք թողնում, որ իրանք գնային, մեզ ոստիկանները քաշքշեցին»:

Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Կոլյա Մոսինյանը, մինչդեռ, հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքը․ - «Ես մենակ կարամ մեկնաբանեմ, որ էդ սաղ խառնակիչություն ա, տենց բան չի էղել: Իրանք դաժե չեն էլ ստորագրել, որովհետև հրաժարվում էին ստորագրելուց․․․ Մի հատ հիստերիկայի մեջ ընկան բոլորը, ով որ չէր ստորագրելու»:

Թիվ 4 ընտրատարածաքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Բաղդասարյանը հաստատեց, որ 4/20 ընտրատեղամասի քվեատուփն ու արձանագրությունն ուշացած են տեղ հասել։

Ընտրատեղամասային հանձնաժողովի ՀԱԿ անդամն ու վստահված անձը բողոք-դիմում են ներկայացրել՝ վերահաշվարկի պահանջով։

Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը, սակայն, առայժմ չի շտապում ասել՝ արդյո՞ք կբացվի վիճահարույց այդ ընտրատեղամասի քվեաթերթիկների պարկը։

ՀԱԿ-ի պատգամավոր Արամ Մանուկյանը դեպքի առնչությամբ Արաբկիրի ոստիկանություն է դիմել։ Այստեղից «Ազատության»-ը փոխանցեցին, թե առայժմ քննություն է ընթանում և մանրամասներ չփոխանցեցին։

XS
SM
MD
LG