Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեում արդեն նյութեր են նախապատրաստվում «Ազատություն» ռադիոկայանի՝ երեկ հրապարակած տեսանյութի առնչությամբ, որտեղ երևում էր, թե ինչպես է Սիլիկյան 10 հասցեում գործող ընտրատեղամասից մոտ 30 մետր հեռավորության վրա մի տղամարդ ցուցակը ձեռքին հանրաքվեի մասնակիցներին գումար բաժանում։ Առայժմ քրեական գործ չի հարուցվել։

Ինչ նպատակով և ով էր երթուղայինում գումար բաժանող այդ քաղաքացին, նախաքննական մարմինն առայժմ չի հաղորդում, մինչդեռ սոցցանցերում երեկվանից լայնորեն շրջանառվում է երիտասարդի լուսանկարը, ով, ըստ հրապարակումների, նախկին քիքբոքսինգի մարզիկ Արթուր Սարգսյանն է։ Ավելի լայն քննարկման էր արժանացել, սակայն, ֆեյսբուքյան էջում տեղադրված նրա կնոջ լուսանկարը նախագահ Սերժ Սարգսյանի հետ մի հանդիպման ժամանակ։

Երեկվա քվեարկության ավարտին բռնության մասին ահազանգեց ընդդիմադիր «Ժառանգության» անդամ Հրայր Մանուկյանը, ով պնդեց՝ ծեծի է ենթարկվել հենց ընտրատեղամասում՝ քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում։

«Վերջում հանեցին 200 ոչ քվեարկված թերթիկ, դրեցին «այո»-ի տրցակի վրա, դրեցին պարկի մեջ»,- պատմեց Մանուկյանը։

Վայոց ձորի Զառիթափ գյուղում էլ իր կյանքին սպառնացող վտանգի մասին էր ահազանգել հանձնաժողովի նախագահը։ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցչի պնդմամբ՝ սպառնալիքները ստացել էր հանրապետական գյուղապետից.- «Նույնիսկ սպառնացին վստահված անձին, ասացին՝ դու այլևս տուն չես գնա, ինձ էլ՝ Երևան չես հասնի... հայհոյանքներով համեմված»։

Բռնություններից ու սպառնալիքներից երեկ անմաս չեն մնացել նաև լրագրողներն ու դիտորդները։ Մայրաքաղաքի կենտրոնի ընտրատեղամասերից մեկում ոստիկանների և միջազգային դիտորդների ներկայությամբ վստահված անձանցից մեկը կոտրել է ilur.am տեսախցիկը։ Լրագրողը պնդում է՝ հարձակվողը եղել է հանձնաժողովի անդամ «Կենտրոնի կյաժ» մականվամբ հայտնի հանրապետական Դավիթ Սիմոնյանը։ Արաբկիրի 4/11 տեղամասում էլ խլել էին դիտորդ Ռոմիկ Դանիալի տեսախցիկն ու ծեծի ենթարկել նրան, ասում է՝ կրկին ոստիկանների ներկայությամբ։

Արաբկիրում երեկ խոչընդոտվեց նաև «Ազատության» գործունեությունը։ Տարեց մի կին, ձեռնափայտի հարվածների սպառնալիքով ու նկարահանող խմբի ուղղությամբ թքելով, փորձում էր փակել լրագրողի մուտքը դեպի Հանրապետական կուսակցության «Այո»-ի շտաբ, որտեղ առավոտից կուտակումներ էին։
Իրավապահները վստահեցնում են՝ բոլոր այս ահազանգերին օրենքի շրջանակում ընթացք է տրվել, քննությունը շարունակվում է, այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, վերհիշելով նախորդ տարիների փորձը, պնդում է՝ այս անգամ էլ մեղավորները համարժեք պատժի չեն արժանանա.- «Կարող է պատահի՝ ինչ-որ մարդկանց նկատմամբ քրեական գործ հարուցեն ձևի համար, բայց դա կտևի բավականին երկար՝ մի քանի ամիս, հետո կպարզվի, որ գործը կարճվել է, կամ ինչ-որ ձևական տուգանք կարող են նշանակել։ Ո՞ւմ են ենթարկվում ոստիկանությունը, հատուկ ծառայությունները, դատարանները և այլն։ Ենթարկվում են իշխանությանը։ Ո՞ւմ ցուցում են կատարել այդ կեղծիքները։ Իշխանության ցուցումով։ Ինքն իրեն պատժելո՞ւ է։ Հարցը փակված է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG