Մատչելիության հղումներ

Շարմազանովը Զուրաբյանից պահանջում է ապացուցել, թե կեղծվել է 500 հազար ձայն


Այլապես, Հանրապետականի խոսնակի ձևակերպմամբ՝ «ինքը քաղաքականության մեջ ստախոսի պիտակ ունի»:

Հանրապետական կուսակցության գնահատմամբ՝ սահմանադրական հանրաքվեն համապատասխանում էր Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, իսկ քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ ժողովուրդը կողմ է սահմանադրական բարեփոխումներին:

«Բոլոր խախտումներով հանդերձ, այս ընտրությունները ցույց տվեցին, որ իրենք համապատասխանում էին մեր ընդունած պարտավորություններին: Երկրորդը, եթե նույնիսկ եղել են խախտումներ, ապա պետք է նշեմ, որ ուժային կառույցները՝ ոստիկանությունը, դատախազությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի եղել մի ահազանգ, որի հետևից չգնան», - ասաց իշխող Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե ինչու էին քվերակության օրը «Այո»-ի շտաբների մոտից մարդկանց միկրոավտոբուսներով տեղափոխում ընտրատեղամասեր, և այդ նույն շտաբների մոտ ինչ էին անում խմբված մարդիկ, Շարմազանովն արձագանքեց․ - «Բոլոր նրանք, որտեղ որ կպարզվի, որ եղել է օրենքի խախտում, բնականաբար բոլոր ահազանգերին պետք է պատասխան տրվի»:

Հանրապետականի խոսնակը միաժամանակ կոչ արեց փաստեր ներկայացնել ընտրախախտումների վերաբերյալ, և անմիջապես անդրադարձավ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե կեղծվել է կես միլիոն ձայն․ - «Ես հիմա իրենից պահանջում եմ՝ եթե ինքը չապացուցի, կամ իր քաղաքական ուժը չապացուցի, որ 500 հազար ձայն [կեղծվել է]․․․ ուրեմն ինքը քաղաքականության մեջ ստախոսի պիտակ ունի»:

Շարմազանովի խոսքով՝ նույնիսկ եթե մի պահ պատկերացնենք, որ կոնկրետ ընտրակեղծիքների մասին բոլոր հաղորդագրությունները իրականություն են, «դրանք տոկոս չեն կազմում»․ - «Բոլոր թերություններով հանդերձ, սա ժողովրդի լեգիտիմ ընտրությունն էր, և 63 տոկոսից ավել մեր քաղաքացիները ասեցին «այո» պառլամենտական համակարգին: Եվ մենք այլևս գնալու ենք դեպի պառլամենտական հանրապետություն: Շնորհավորում եմ ձեզ»:

Սահմանադրական փոփոխությունները սատարող Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուսատամյանն հայտարարեց, որ հանրաքվեն կայացած է․ - «Ի՞նչ է նշանակում հանրաքվեի կայացում: Հանրաքվեն «այո» է, եթե կեսից ավելն մասնակիցների քվեարկել, բայց ոչ պակաս, քան ընդհանուր թվի մեկ չորրորդը: Սա է բանաձևը և սա է այն հիմքը, որով կարելի է հանրաքվեն համարել կայացած կամ չկայացած: Սրա հետ կապված հստակ ապացույցներ կա՞ն՝ որ կեսից ավելը չի, որ մեկ չորրորդը չի արձանագրել․․․ Այդպիսի ապացույցներ մենք չունենք: Ովքեր այդ մասին հայտարարում են, իրենք էլ չունեն»:

Դեռ տարեսկզբին սահմանադրական փոփոխությունները կտրականապես մերժող «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր ընտրակեղծիքների մասին բարձրաձայնողներին հորդորեց խոսել միայն փաստերով․ - «Այն խախտումները, այն խնդիրները, որոնք առաջացել են ընտրատեղամասերում, ընդհանուր առմամբ ամբողջ ընտրական գործընթացին ընդհանուր որակ հաղորդելու կամ առհասարակ հարց որպես այդպիսին՝ հանրաքվեն լինելու կամ չլինելու, կայացած համարելու-չհամարելու հարց չի կարող բարձրացնել»:

Էնֆիաջյանը նույնպես կայացած է համարում հանրաքվեն:

XS
SM
MD
LG