Մատչելիության հղումներ

«Հանրաքվեն պայմանավորված է քաղաքական շահերով, այլ ոչ թե հայ ժողովրդի կարիքներով»


Անդրեաս Գրոսս, արխիվ, Ստրասբուրգ, 21 մարտի, 2005թ.

Անդրեաս Գրոսս, արխիվ, Ստրասբուրգ, 21 մարտի, 2005թ.

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բազմակուսակցական պատվիրակությունը, որը դիտարկել է Հայաստանում սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն, այսօր հրապարակել է իր տեսակետը։

Դիտորդների գնահատմամբ՝ քարոզարշավն ընդհանուր առմամբ ակտիվ չէր, հանրային քննարկումներ շատ չեն եղել, իսկ քվեարկությունը հանգիստ է անցել։

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը շվեյցարացի սոցիալիստ Անդրեաս Գրոսն է: Պատվիրակության երկրորդ անդամը շվեյցարացի Դորիս Ֆիալան է, ով ներկայացնում է Ազատ դեմոկրատների կուսակցությունը և ԵԽԽՎ-ում «Լիբերալներն ու դեմոկրատները հանուն Եվրոպայի» միավորման փոխնախագահն է, երրորդ անդամը բրիտանացի սոցիալիստ, Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցող Ալան Միլն է։

Նրանք նշում են, որ, ըստ նախնական տվյալների, մասնակիցների մոտ 64 տոկոսը հավանություն է տվել սահմանադրության բարեփոխումներին, դա նշանակում է, որ օրինագիծն ընդունված է, քանի որ ապահովվել է դրա համար անհրաժեշտ քվորումը` գրանցված ընտրողների 25 տոկոսը։

Համեմատաբար ցածր մասնակցությունը` ընտրողների մոտ 50 տոկոսը, վկայում է այն մասին, որ հանրաքվեն պայմանավորված է քաղաքական շահերով, այլ ոչ թե հայ ժողովրդի կարիքներով։

Քաղաքացիներից շատերի տեսակետից, հանրաքվեն ոչ այնքան փոփոխությունների անհրաժեշտություն էր, որքան վարչակարգին տրվող վստահության քվե։

Բարեփոխման գործընթացը տևել է երկուևկես տարի, պատշաճ աստիճանի ներառական չի եղել, խորհրդարանն ընդամենը մի քանի շաբաթ է քննարկել օրինագիծը, հանրային բանավեճի համար հատկացվել է երկու ամիս, ինչը դժվար է դարձրել համաձայնության հասնելու հնարավորությունը։

Սահմանադրական բարեփոխումների առանցքը նախագահականից խորհրդարանական համակարգի անցումն է, ինչը մեծ թվով քաղաքացիներ ընկալում են որպես հնարք, որը գործող նախագահին թույլ կտա պահպանել իշխանությունն այն բանից հետո, երբ կավարտվի նրա պաշտոնավարման օրենքով սահմանված երկրորդ և վերջին ժամկետը։

Ինչ վերաբերում է բուն քվեարկությանը, ԵԽԽՎ դիտորդներն ափսոսանք են հայտնում այն առումով, որ իշխանությունը չի մտահոգվել դեպի նոր սահմանադրություն տանող գործընթացի ամբողջականությամբ։

Դիտորդները նշում են խնդիրներ, որոնք նախկինում էլ տեղ են գտել Հայաստանում ընտրություններին առնչվող ԵԽԽՎ, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներում։

Դրանց թվում են ընտրացուցակների անճշտությունները․ ցուցակներում ընդգրկված են մշտապես արտերկրում բնակվող կամ մահացած քաղաքացիների անուններ։ Այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ ոմանք մի քանի անգամ են քվեարկել։

Երկրորդ հանգամանքն ընտրակաշառքն է․ կան ահազանգեր այն մասին, որ տեղի է ունեցել քվեների առք, «կառուսելի» կարգով քվեարկություն և ճնշումներ ընտրողների վրա։

Բացի այդ, ըստ ԵԽԽՎ դիտորդների, մամուլի աշխատանքն անհրաժեշտ մակարդակի վրա չի եղել, քաղաքական կուսակցությունները թերացել են հանրությանը տեղեկացնելու պարտավորության հարցում։

Գործադիր իշխանությունը վարչական ռեսուրս է կիրառել, կան պնդումներ գործադրված ճնշումների, ընտրական կառույցների պաշտոնյաներին կաշառելու մասին։

Առկա է տեղական ընտրական հանձնաժողովների պաշտոնյաների թերուսուցման գործոն հատկապես քվեների հաշվվման հարցում, շարժական ընտրատեղամասերի պակասը սահմանափակել է քվեարկությանը մասնակցելու՝ սահմանափակ կարողություններով մարդկանց հնարավորությունը։

ԵԽԽՎ պատվիրակությունը իշխանությանը կոչ է անում կարգավորել նշված հիմնահարցերը, ինչը կերաշխավորի հանրության վստահությունը ընտրական գործընթացների և ընդհանրապես քաղաքականության նկատմամբ և կապահովի Հայաստանի իրական դեմոկրատական ապագան։

ԵԽԽՎ հաղորդագրությունում նշվում է, որ Հայաստանում պատվիրակությունը հանդիպել է խորհրդարանական խմբերի և կուսակցությունների ներկայացուցիչներին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ինչպես նաև ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի փորձագետներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG