Մատչելիության հղումներ

Այսօր կազդարարվի Հայաստան-ԵՄ նոր փաստաթղթի բանակցությունների մեկնարկը


Հայաստանի և Եվրամիության դրոշները
Հայաստանի և Եվրամիության դրոշները

Երևանն ու Բրյուսելը պատրաստվում են մի քանի ժամից ազդարարել Հայաստանի և Եվրամիության միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը:

Մինչ այդ, աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ, ինչից հետո նրանք հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Եվրամիության հետ համաձայնագիր ստորագրելուց նախկինում հրաժարված պաշտոնական Երևանը Բրյուսելի հետ մերձեցման փորձեր է անում արդեն որպես Կրեմլի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միության անդամ:

«Ազատության» Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվիակը նշում է, որ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս կարգավիճակն ու անցյալի փորձը՝ Բրյուսելը Երևանին կառաջարկի միանգամայն նոր տեսակի փաստաթուղթ, և հատուկ Հայաստանի համար փաստաթուղթը, որի շուրջ կողմերն ամենայն հավանականությամբ կբանակցեն մեկից մինչև երկու տարի, հիմնված կլինի Հայաստանի կողմից 2013-ին մերժված Եվրամիության հետ Ասոցիացման համաձայնագրի վրա, սակայն՝ առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի որոշ բաղադրիչների: «Ներառելու է բազմաթիվ հարցեր, սակայն չի վերաբերելու տնտեսական և առևտրային հարցերին, որովհետև Հայաստանը ԵՏՄ-ում է: Ենթադրում եմ, որ փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը կտրվի այսօր, և դրանք կտևեն մեկ-երկու տարի, բայց գուցե և ավելի քիչ», - հայտնում է «Ազատության» Բրյուսելի թղթակիցը:

Հիշեցնենք՝ այս տարվա հոկտեմբերին Եվրամիության անդամ 28 պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ տրամադրեցին Հայաստանի և Եվրամիության միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագիրը:

Հայաստանի իշխանություններն այս ընթացքում բազմիցս վերհաստատել են երկրի հանձնառությունը՝ ավելի զարգացնել և ամրապնդել տարբեր ոլորտներում համագործակցությունը Եվրամիության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG