Մատչելիության հղումներ

Աբրահամյանը չի ընդունում բազմաթիվ կեղծիքների վերաբերյալ մեղադրանքները


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարգանքի տուրք է մատուցում 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին, Գյումրի, 7-ը դեկտեմբերի, 2015թ․

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարգանքի տուրք է մատուցում 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին, Գյումրի, 7-ը դեկտեմբերի, 2015թ․

Իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) «Այո»-ի շտաբի ղեկավար, վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի ընդունում մեղադրանքները, թե սահմանադրական հանրաքվեն անցել է բազմաթիվ կեղծիքներով: Պնդում է՝ նրանք, ովքեր օրենք են խախտել, «արջի ծառայություն» են մատուցել Հանրապետականին:

«Դեռ ժամանակ կա՝ թող քննեն պատկան մարմինները, իրավապահ մարմինները, եթե կլինեն նման մարդիկ, իրոք դեպքեր, որտեղ կլինեն խախտումներ, ապա, ես ասել եմ մի քանի անգամ, դրանք արջի ծառայություն են մատուցել իշխանություններին և օրենքի շրջանակներում անպայման կկրեն պատասխանատվություն», - Գյումրիում լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետը:

Լրագրողները հիշեցրին, որ Գյումրիում, Իջևանում, Երևանի կենտրոնի մի շարք ընտրատեղամասերում «ոչ»-ն է հաղթել, հետաքրքրվելով՝ եթե «արջի ծառայություն» մատուցողները չլինեին, ինչպիսի՞ արդյունք կարձանագրվեր:

«Ես դեռ չգիտեմ՝ կային, թե չկային, ոչ էլ նախնական տվյալներով, նախնական տվյալներով՝ մոտ 62-63 տոկոսը ասել են «այո» մեր քաղաքացիների, իսկ դա հազար, հինգ հազար, տաս հազար ձայնի տարբերություն չէ: Ուղղակի սպասենք՝ եթե կլինեն դիմում-բողոքներ, կբացվեն տեղամասեր, կստուգվեն, և պատկան բոլոր մարմինները, համոզված եմ, օրենքի շրջանակներում ամեն ինչ կանեն, եթե կան նման մարդիկ, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն», - ասաց Աբրահամյանը:

Հանրաքվեից երկու ամիս առաջ վարչապետը հայտարարել էր, թե սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո հավակնելու է միայն բարձր պաշտոնի: Այս փոփոխություններով, փաստորեն, Հայաստանը անցնում է կառավարման խորհրդարանական մոդելի՝ վարչապետին տրվող ընդարձակ լիազորություններով: «Ազատության» հարցին՝ արդյոք այդ պարագայում և՞ս Հովիկ Աբրահամյանը պայքարելու է վարչապետի աթոռը պահպանելու համար, նա արձագանքեց․ - «Մենք պայքարելու ոչ մի բան չունենք, մենք անում ենք մեր գործը»:

Երեկվա հանրաքվեին Գյումրիում նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը ստացել է մոտ 40 տոկոս աջակցություն, մինչդեռ «ոչ»-ը 52 տոկոս է կազմել: Իշխանությունը, փաստորեն, կրկին պարտվեց երկրի երկրորդ քաղաքում՝ արդյոք դա կազդի՞ Գյումրիում կառավարության կողմից իրականացվող ծրագրերի վրա․ այս հարցին վարչապետն արձագանքեց․ - «Յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում՝ «այո», թե «ոչ»: Ասել են «ոչ»՝ իրենց կարծիքի հետ համաձայն ենք, ուրիշ ոչ մի բան ես չունեմ ասելու»:

Հարցին՝ իշխանությունը հետևություններ կանի՞, Աբրահամյանը պատասխանեց․ - «Մենք մեր գործն ենք անում: Մեր քաղաքացիները թող իրենք որոշեն՝ «այո», թե «ոչ»:

Վարչապետը վաղ առավոտյան Գյումրի էր եկել՝ հարգանքի տուրք մատուցելու 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին: Նա այսօր էլ վստահեցրեց, որ իշխանությունները ամեն ինչ կանեն Գյումրին վերականգնելու համար:

Բարձրաստիճան որևէ այլ պաշտոնյա երկրաշարժից տուժած քաղաք այսօր չայցելեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG