Մատչելիության հղումներ

Հայաստանի պետական կամերային նվախմբի համերգը տեղի կունենա այսօր՝ ավելի քան 25 հազար մարդու կյանք խլած ավերիչ երկրաշարժի 27-րդ տարելիցի օրը, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը:

Նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ նվագախմբի երաժիշտները «հոգու պարտք են համարում տասնյակ հազարավոր անմեղ զոհերի հիշատակը հարգելը»․ - «Որոշեցինք այսօր հիշել այդ մարդկանց՝ իրենց նվիրելով աշխարհի ամենագեղեցիկ երաժշտությունը․․․ Ոչ միայն տխուր, այլ նաև հույս տվող երաժշտություն՝ միայն ադաջիոներ: Այսօր կհնչեն աշխարհի ամենագեղեցիկ ադաջիոները՝ Ալբինոնիի, Բարբերի, Մալերի․․․ Կհնչեն մեր հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները»:

Մարտիրոսյանի խոսքով՝ նման համերգ իրենք վաղուց էին ծրագրում․ - «Բայց գաղափարը, որ անենք դեկտեմբերի 7-ին, ծագեց մեկ-երկու ամիս առաջ»:

Նա ասաց, որ իրենց նվագախումբը հաճախ է հյուրախաղերով լինում Գյումրիում․ - «Ամեն տարի մենք մասնակցում ենք իրենց փառատոնին, որն ապրիլ ամսին կայանում է: Նվագախումբը միշտ գնում է, այս տարի էլ է գնալու»:

Դիտարկմանը, թե գուցե անցած 27 տարիները անտարբեր են դարձել մարդկանց, և գուցե շատերն անգամ չեն հիշում այդ ահավոր ողբերգությունը, Մարտիրոսյանն արձագանքեց․ - «Մարդիկ, ապրելով դժվար իրավիճակում, ավելի դժվարը հիշելը, ցավալին հիշելը․․․ պարզապես դիտմամբ ուզում են, որ այս օրը իրենց վատ չզգան: Բայց ես համոզված եմ, որ միաժամանակ իրենք ուզում են ինչ-որ հույս տեսնել մեր կյանքի մեջ: Դիտմամբ փորձում են չհիշել այս օրը, բայց, ես համոզված եմ, որ ամենքը հոգու խորքում հասկանում են և հիշում են: Ես անձամբ որևէ մարդ չեմ ճանաչում, որ այդ օրը չհիշի»:

XS
SM
MD
LG