Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտե․ Ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 127 հաղորդում


Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը՝ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ընտրական խախտումների վերաբերյալ Հայաստանի քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 127 հաղորդում, որոնց գերակշիռ մասը վերաբերում է զանգվածային լրատվամիջոցներով տարածված ահազանգերին։

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ հաղորդումներից 79-ը վերաբերում են Երևանում, 48-ը՝ մարզերում տեղի ունեցած խախտումներին։

Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է 19, Լոռիում՝ 14, Արագածոտնում՝ 4, Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի, Կոտայքի քննչական վարչություններում՝ 2-ական, Արմավիրում՝ 1 հաղորդում։

Երևանում ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են Ավան և Նոր Նորք վարչական շրջաններին՝ 24 դեպք։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է 15, Աջափնյակ և Դավթաշենի քննչական բաժնում՝ 9-ը, Քանաքեռ-Զեյթունի՝ 8, Կենտրոն և Նորք-Մարաշի՝ 7, Շենգավիթի՝ 6, Արաբկիրի, Էրեբունու և Նուբարաշենի՝ 5-ական ահազանգ։

«Ստացված բոլոր ահազանգերում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ տարածքային քննչական ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ, որոնց արդյունքում կտրվեն համապատասխան քրեաիրավական գնահատականներ», - ասված է հաղորդագրությունում:

Քննության արդյունքներով երեկ հարուցվել է երկու քրեական գործ՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ՝ Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։

Ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար, խոստանում է Քննչական կոմիտեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG