Մատչելիության հղումներ

logo-print

«Ոչ»-ի շտաբի պետը վստահ է՝ «ճակատամարտը վերջացած չէ»:

«Կատարվել են ծանրագույն, բազմաթիվ ընտրակեղծիքներ: Մեր գնահատականներով, այդ ընտրակեղծիքների ծավալը հասնում է կես միլիոն ձայնի», - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) գրասենյակում կեսգիշերն անց հրավիրած ասուլիսում հայտարարեց «Ոչ»-ի շտաբի պետ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ «կեղծարարությունները, որոնք տեղի ունեցան ամբողջ օրվա ընթացքում, կրում էին համակարգային բնույթ և պարունակում էին ամբողջ զինանոցը ընտրակեղծարարության, որ այս իշխանությունը ստեղծել է տարիների ընթացքում»: «Այնքան իշխանությունը լավ է հասկանում ժողովրդի տրամադրությունը, որ հասկանում էր, որ էս հանրաքվեում հաղթելու համար իշխանությունը պետք է կիրառի ոչ միայն հնարավոր, այլ նաև անհնարին ջանքեր», - ասաց Զուրաբյանը:

«Ոչ»-ի շտաբի պետի հավաստմամբ՝ եղել են և՛ լցոնումներ, և՛ բռնություններ, և՛ հանձնաժողովի աշխատանքների դադարեցում, և՛ ամեն տեսակի բազմակի քվեարկություններ, նույնականացման (ID) քարտերի օգտագործում. - «Կարճ ասած՝ ինչ ձեր երևակայությունը ձեզ կարող է թույլ տալ, տեղի ունեցավ այսօր»:

«Մի նորույթ կար ընտրակեղծարարության մեջ, որը կապված էր լրացուցիչ ցուցակների հետ: Եվ ինչ պարզվեց․ պարզվեց, որ այդ լրացուցիչ ցուցակները, առաջին, շատ ուռճացված են, երկրորդը՝ տեղամասերին կցված այդ ցուցակները, չգիտես ինչու, ամեն մի տեղամասինը վերաբերում էր մի բնակավայրին: Հենց, չգիտես ինչու, այսինչ գյուղից մի հարյուր մարդ որոշել էր գար այդ օրը քվեարկեր, ասենք, Երևանի Արաբկիրի չգիտեմ որ տեղամասում», - նշեց Զուրաբյանը՝ հավելելով․ - «Լրացուցիչ ցուցակներով մասնակցության գործակիցը շատ ավելի մեծ էր, քան սովորական ցուցակներով, որովհետև այդ մարդկանց ուղղակի բերում էին ավտոբուսներով և ստիպում քվեարկել ոնց որ իշխանությանը պետք է»:

Ընդդիմադիր գործիչը մատնանշեց քվեարկության մասնակիցների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած թիվը՝ շուրջ 1 միլիոն 300 հազար մարդ, և շարունակեց․ - «Ես ուզում եմ հիշեցնել բոլորիդ, որ Հայաստանն ունեցել է չորս սահմանադրական հանրաքվե: 1995 թվականին պաշտոնական մասնակցության թիվը եղել է 1 միլիոն 200 հազար, 2003 թվին եղել է 1 միլիոն 200 հազար, 2005 թվին՝ դա այն հանրաքվեն էր, երբ ընդդիմությունը հայտարարեց բոյկոտ, ժողովուրդը ընդհանրապես չգնաց տեղամասեր, բոլորը այդ օրը ցույց էին տալիս դատարկ տեղամասերը, բայց իշխանությունը հայտարարեց 1 միլիոն 500 հազար մասնակցություն, այսինքն՝ դա ընդհանրապես նկարած թիվ էր: Եվ ահա այդ թվերից հետո, երբ պաշտոնական տվյալների համաձայն 300 հազար մարդ գնացել է Հայաստանից, պատկերացրեք, որ կայանում է սահմանադրական հանրաքվե, որին մասնակցում է 1 միլիոն 300 հազար մարդ: Դա, ինչպես բոլորդ հասկանում եք, անհամատեղելի է ժողովրդագրական ցուցանիշների հետ»:

Միևնույն ժամանակ, ըստ Լևոն Զուրաբյանի, «ճակատամարտը վերջացած չէ»:

«Ամենապարադոքսալը այն է, որ հակառակ այդ բոլոր մեքենայությունների, հակառակ այդ ամբողջ ծավալի, կատարվեց այն, ինչի մասին մենք ասում էինք և կազմակերպում էինք և ժողովրդին փորձում էինք համոզել: Այսինքն, եթե ժողովուրդը 95 տոկոսով գնում է, զանգվածաբար քվեարկում է «ոչ», ոչ մի ընտրակեղծարարություն դրա դեմը չի կարող առնել», - վստահեցրեց նա՝ հրապարակելով իրենց ձեռքի տակ եղած տվյալները, որոնք, «Ոչ»-ի շտաբի պետի պնդմամբ, ապացուցում են, որ «Ոչ»-ը հաղթանակ է տանում մեծ թվով տեղամասերում:

XS
SM
MD
LG