Մատչելիության հղումներ

ԿԸՀ քարտուղար․ «Ոչ մի ահազանգ անհետք չի մնում»


ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյան
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը պատասխանել է «Ազատության» հարցերին:

«Ազատություն»․- Պարոն Սմբատյան, ամփոփեցիք ժամը 17-ի տվյալները, մեկ միլիոնից ավելի կամ ընտրողների մոտ 40 տոկոսն է մասնակցել: Ամենակտիվը սյունեցիներն են, ամենապասիվ Երևանի և Շիրակի մարզի բնակիչներն են: Եթե նախորդ ընտրությունների հետ համեմատենք, ակտի՞վ է մասնակցությունը, թե՝ պասիվ:

Սմբատյան․- 1 միլիոն 5033 քաղաքացի ժամը 17-ի դրությամբ արդեն մասնակցել էր քվեարկությանը: Համեմատություն ես անձամբ չեմ արել ոչ մի ընտրության հետ կապված:

«Ազատություն»․- ԿԸՀ-ն ի՞նչ դիմում-բողոքներ է ստացել: Առավոտից տարբեր լրատվամիջոցներ հաղորդումներ են ներկայացնում տարբեր ընտրախախտումների մասին: Դուք տվյալներ ունե՞ք տեղամասային հանձնաժողովումներ արձանագրված խախտումների մասին:

Սմբատյան․- Ասեմ, որ ԿԸՀ-ում վերլուծական կենտրոնը ամեն մի ահազանգը արձանագրում է, նախ պարզում ենք՝ այդ ահազանգի մեջ առկա է ընտրական խախտման հատկանիշներ, եթե այո, ապա ուսումնասիրում ենք արդյոք ճշմարտությանը համապատասխանում են, թե՝ ոչ:

«Ազատություն»․- Արդեն 18:00-ն անց է, այս պահին ունեք այդպիսի միջամտություն:

Սմբատյան․- Իհարկե, բազմաթիվ միջամտություններ կան, զետեղված են ԿԸՀ-ի կայքում, դրանք 4 տասնյակից ավելի են: Ինչ վերաբերում է այնպիսի խախտումներին, որոնք քրեական հատկանիշներ իրենց մեջ պետք է ունենան, դրանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:

«Ազատություն»․- Այս պահին կան՞ մի այնպիսի աղաղակող դեպքեր, որոնք կրկնվում են և կարող ենք ասել՝ ունեն ընտրության արդյունքների վրա ազդեցություն:

Սմբատյան․- Ազդեցության որակման ես զերծ կմնամ: Եղել են ահազանգեր կրկնակի քվեարկության մասին, եղել է ահազանգ կնիքի կորելու մասին, ինչ-որ մեկի կողմից ոտնձգության փորձ կատարելու մասին: Եթե դրանք հետո հանձնաժողովը փորձի որակել որպես քվեարկության կարգի վրա ազդեցություն, ապա անպայման որակում կստանա հանձնաժողովի կողմից: Ոչ մի ահազանգ, մամուլի ոչ մի հրապարակում անհետք չի մնում:

«Ազատություն»․- Անձամբ ԿԸՀ-ն դիմում բողոք ստացե՞լ է:

Սմբատյան․- ԿԸՀ-ն ուներ ընդամենը մեկ գրավոր դիմում՝ դա վերաբերվում էր հանրաքվեի գործընթացին, քաղաքացին փորձում էր որակել ընդհանրապես սահմանադրական բարեփոխումների գործընթացը օրենսդրությանը հակասող: Վերահաշվարկի մասին դիմումները կարող են ներկայացնել վաղը ժամը 12:00-ից մինչև 18:00-ն:

«Ազատություն»․- Պարոն Սմբատյան, հանրաքվեի մասին օրենքով դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ¼-ը: Սա ընտրական շեմի՞ մասին է խոսում, թե այնուհանդերձ, խոսքը նախագիծը ընդունված համարվելու մասին է:

Սմբատյան․- Ասեմ, որ մասնակցության քվորում չի նախատեսում օրենսդրությունը: Օրենսդրությունը նախատեսում է կողմ քվեարկածների քվորում: Դա ցուցակում ընդգրկվածների ¼-ն է, և նաև մեկ պայման, որը բոլոր քվեարկություններում տրամաբանական առաջին պայմանն է, որպեսզի մասնակիցների կեսից ավելին կողմ լինեն:

XS
SM
MD
LG