Մատչելիության հղումներ

Կրկնակի քվեարկության մասին ահազանգերի հետքերով նախ եղանք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որտեղ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել Սամվել Ալեքսանյանը, եղբորորդին էլ Մալաթիայի թաղապետն է:

8/25 տեղամասում «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության դիտորդ Անահիտ Առուստամյանը օրվա առաջին կեսին կրկնակի քվեարկության արդեն չորս դեպք էր կանխել:

«Տարբեր մարդիկ՝ տարբեր անգամներ․․․ Կար անձնագրով, կար նույնականացման քարտ և տեսողական լավ հիշողություն ունեմ՝ այն մարդն էր, որին տեսել էինք: Անձնագիրը պահանջեցինք՝ նա անմիջապես դուրս փախավ», - պատմեց Առուստամյանը:

Այս տեղամասի մեկ այլ դիտորդ, ով իր անվտանգության նկատառումներով առայժմ չցանկացավ ներկայանալ, նկարահանել էր երկրորդ անգամ քվեարկել փորձողին:

«Ուրիշի անձնագրով մեկը եկել էր, ուրիշի անվան դիմաց գրանցում կատարվեց», - պատմեց նա:

Հանձնաժողովի հանրապետական ղեկավար Արա Դադայանը հավաստիացրեց, որ բոլոր դեպքերի վերաբերյալ կազմվել են արձանագրություններ:

Շենգավիթի 11/03 տեղամասում էլ դիտորդները լուսանկարահանել էին երկու տղամարդկանց, որոնք, ժամերի տարբերությամբ փոխելով հագուստը, վերադարձել ու նորից էին քվեարկել: Հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Աննա Խլղաթյանը, սակայն, տևական ժամանակ ուսումնասիրելով լուսանկարները, չընդունեց, որ քվեատուփի մոտ նույն մարդիկ են կանգնած:

«Եթե նկատել է նման փաստ, անպայման զգուշացնի, որովհետև ես ինքս պետք է կանխեմ», - նշեց նա: «Ազատության» հարցին՝ վստահ չէ՞, որ նույն անձն է, Խլղաթյանը պատասխանեց․ - «Նկարները տարբեր են: Իրոք չեմ կարող ասել, ամենայն անկեղծությամբ»:

Ոստիկանությունն, ի դեպ,հայտարարում է, որ այս ահազանգի հետքերով Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստվում են նյութեր, կատարվում է քննություն:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8/27 ընտրատեղամասում էլ այնքան շատ էին եղել ահազանգերը, որ Միացյալ Նահանգների դեսպանն էր այցելել իրավիճակին ծանոթանալու: «Թրանսփարենսի ինթերյնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդ Կամո Դավթյանը պատմում էր, որ հանձնաժողովի նախագահ, իշխող Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Սամվել Խանյանը փորձել է ճնշումներ բանեցնել իր դեմ, ուղղորդել է ընտրողներին, և իրավիճակը խաղաղվել էր միայն ամերիկացի դիվանագետի այցից հետո:

«Երբ մարդը գալիս է՝ խոսքի մեջ են ասում՝ «այո» ու նայում ընտրողի դեմքին, ու այդ ընտրողը վախվորած, որ գալիս է՝ բարևում է, այսինքն՝ բոլորը բոլորին գիտեն: Հայհոյանքներ են եղել, ու ամենակարևորը՝ սպառնալիք: Հանձնաժողովի նախագահը գալիս է, ասում է՝ գիտես, որ լիքը ռեսուրսներ ունենք, պատկերացրու՝ հիմա մեկը մտնում է ու սկսում է քեզ ծեծել, ի՞նչ ես անելու», - պատմեց Դավթյանը:

Այս մեղադրանքների հասցեատեր հանձնաժողովի ղեկավար Սամվել Խանյանը, սակայն, սուտ որակեց այս հայտարարությունները:

«Դիտորդը սուտ է ասել: Ըտենց բան չկա, սուտ է դա, զրպարտում են», - հայտարարեց Խանյանը՝ «շատ լավ, շատ նորմալ, տեղը տեղին» գնահատելով ընտրությունները իր ղեկավարած տեղամասում:

XS
SM
MD
LG