Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը ահազանգում է իր հետ կապ չունեցող վստահված անձանց մասին


Քվեարկություն Երևանի ընտրատեղամասերից մեկում

«Ժառանգության» ներկայացուցիչները ահազանգում են՝ բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ ընտրատեղամասերում վստահված անձ են գրանցել կուսակցության հետ առնչություն չունեցող մարդկանց:

«Ներկայացել է այս տեղամաս, որտեղ «Ժառանգություն»-ից պետք է ներկայացված լիներ մեր կուսակցության ներկայացուցիչներից մեկը, որ հիմա կողքի տեղամասում է, միաժամանակ երկու տեղամասում է ներկայացուցիչ, և այստեղ հայտնաբերեցինք, որ «Ժառանգությանը» ներակայացնում է ինչ-որ մի անձ, որը պարզվեց ինչ-որ անհայտ ձևերով հայթհայթել է «Ժառանգության» թուղթը, հայտարարեց, որ դա իրեն տվել է կուսակցության ինչ-որ անհայտ անդամ և անմիջապես տեսադաշտից հեռացավյ՝ տեսնելով, որ այստեղ կուսակցությունից լիազորված անձ կա: Կարծում եմ՝ տեղի է ունեցել ինչ-որ մի գործընթաց, որ տարբեր այլ հակառակորդ ճամբարի ներկայացուցիչներ գուցե հայթայթել են ընդդիմադիր վկայականներ և զբաղեցրել են այդ ընդդիմադիր ներկայացուցիչների տեղերը՝ որպես վստահված անձ»,- 10/20 ընտրատեղամասում «Ազատությանը» պատմեց «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Աղայանը:

Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Անահիտ Մադոյանը, ով ներկայացավ նաև որպես «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, անմիջապես չցանկացավ խոսել, ասաց իրեն լավ չի զգում:

«Առաջինը եկել է ժամը 8-ին, ուղղակի ինքը դրում էր, երկրորդ անդամը որ եկավ, էդ պահին ինքը սենյակում չէր, մենք հրավիրեցինք իրեն, ասացինք, որ ահա «Ժառանգության» առաջին անդամը, քանի որ ես ընդամենը մեկին կարող եմ գրանցել»,- ասաց Մադոյանը:

Նույն պատկերն էր 10/29 ընտրատեղամասում: Հանձնաժողովի նախագահ Տանուսյա Անեսյանն ասաց, որ «Ժառանգություն»-ից երկու հոգի են ներկայացել և ցանկանում են գրանցվել որպես վստաված անձ:

Երիտասարդը, ով որպես «Ժառանգության» վստահված անձ գրանցվել էր 10/29 ընտրատեղամասում, ներկայացավ Բորիս Գրիգորյան, բայց չցանկացավ խոսել:

Հանձնաժողովի «Ժառանգության» անդամ Լյուդմիլա Սահակյանն ասաց, թե իրենց կուսակցությունից ներկայացած երիտասարդին չի ճանաչում: Պնդեց, թե նա ընտրատեղամասում հակաօրինական գործունեությամբ է զբաղվել․- «Ինքը նստում է, ուղղորդում է մարդկանց»:

Ի վերջո Բորիս Գրիգորյանը հեռացավ ընտրատեղամասից և նրան փոխարինեց «Ժառանգության» ներկայացուցիչը:

Իրավիճակը նույնն էր նաև Երևանի արվարձաններից մեկում գտնվող 9/27 ընտրատեղամասում: «Ժառանգությունը» ներկայացնող Արմեն Աղայանի խոսքով՝ այդտեղ ևս «Ժառանգության» ներկայացուցիչը կապ չունի կուսակցության հետ:

«Դա միայն էս տեղամասին չի վերաբերում, դա համարյա թե զանգվածային բոլոր տեղամասերում է, որտեղ մենք եղել ենք»,- պնդեց Աղայանը:

Դարձյալ «Ժառանգության» վստահված անձ գրանցվածը չցանկացավ պատասխանել «Ազատության» հարցերին: Ի դեպ, երբ «Ազատության» թղթակիցը դուրս էր գալիս այս ընտրատեղամասից, անհայտ մեկը հարվածեց տեսախցիկին:

Դիտորդական կազմակերպությունները ևս այսօր հաղորդել են իրենց ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների մասին: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդ Էդուրարդ Գյոզալյանը պնդեց, թե Աջափնյակում իր հասցեին սպառնալիքներ են հնչել:

«Ասացին՝ հեռախոսդ կջարդեմ, ես դիմեցի հանձնաժողովի նախագահին, ըստ երևույթին ոչ մի բան չարեց, որովհետև էդ մարդիկ իրենց շատ ազատ են զգում»,- պատմեց դիտորդը:

XS
SM
MD
LG