Մատչելիության հղումներ

ԿԸՀ. Քվեարկությանը ամենաակտիվը մասնակցում են սյունեցիները


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը Երևանում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը Երևանում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սեյրան Շահսուվարյանը ներկայացրեց ժամը 14-ի դրությամբ քվեարկության մասնակիցների թիվը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալներով, ժամը 14-ի դրությամբ ընտրողների 24.6 տոկոսն է մասնակցել քվեարկության։ Ըստ հանձնաժողովի, ընտրություններին ամենաակտիվը մասնակցում են սյունեցիները, ապա Արարատի ու Վայոց Ձորի մարզի բնակիչները։

Հանձնաժողովի տվյալներով, երևանցիների 23.24 տոկոսն է մասնակցել քվեարկության։

Նշենք, որ հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը։

Հիշեցնենք, որ հանրաքվեից մեկ օր առաջ Ոստիկանությունը հրապարակեց ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվը՝ 2 միլիոն 550 հազար 323 ընտրող։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած հարցազրույցի ժամանակ, ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանն ասաց, որ ժամը 11-ի դրությամբ, ոստիկանությունն ուսումնասիրել է խախտումների վերաբերյալ ստացած 31 ահազանգ, դրանց գերակշիռ մասը՝ 20-ից ավելին, լրատվամիջոցների հաղորդումներն են եղել։ Ըստ բանախոսի, հինգը վերաբերում են քվերակությունն ուղղորդելուն, չորսականը՝ լրագրողական ու դիտորդական գործունեությունը խոչընդոտելուն, երեքը՝ ընտրակաշառք տալու փորձին։ Հակոբյանն ասաց, որ կատարվում են համապատասխան ստուգումներ, և որ այդ պահին ձերբակալվածներ չկան։

Ժամը 13-ի դրությամբ իրենց տվյալները ներկայացրեց նաև Գլխավոր դատախազության հետաքննության և նախաքնության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Մարուխյանը։

Նա ասաց, որ քարոզչության ընթացքում Գլխավոր դատախազությունում ստացվել է մեկ գրավոր հաղորդում՝ Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից, որի հիմնան վրա էլ հարուցվել է քրեական գործ՝ հանրաքվեի հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը նյութապես շահագրգռելով առևույթ խոչընդոտելու դեպքով։ Ըստ Մարուխյանի, թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի երկրորդ տեղամասային հանձնաժողովի անդամը կալանավորված է: Նա հավելեց, որ հանձնաժողովի նախագահի գործնեությունը խոչընդոտելու վերաբերյալ մեկ դիմումի հիմնան վրա էլ նախապատրաստվում են նյութեր։

Մալխասյանն ասաց, որ մինչև 13-ը Գլխավոր դատախազությունում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ գրավոր դիմումներ չեն ստացվել, բայց լրատվամիջոցների տասից ավելի հրապարակումներ ստուգվում են և հանցագործության առկայությունը հիմնավորվելու դեպքում դրանց ընթացք կտրվի։

XS
SM
MD
LG