Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը արձագանքել է «Ոչ»-ի համատեղ շտաբի հայտարարությանը, ըստ որի՝ լրացուցիչ ցուցակները պետք է նախապես կազմվեին այն քաղաքացիների հայտերի հիման վրա, ովքեր իրերի բերմամբ քվեարկության օրը իրենց բնակավայրերում չէին կարող լինել:

«Ոչ»-ի համատեղ շտաբը հայտարարել էր, որ բազմաթիվ ահազանգեր է ստանում ընտրատեղամասերից՝ կապված «լրացուցիչ ցուցակների» հետ, որոնք կազմվում են քաղաքացիների հայտերի հիման վրա՝ նրանց քվեարկությունը գտնվելու վայրում ապահովելու համար:

«Պարզվում է, որ այդ «լրացուցիչ ցուցակներում» ընդգրկված են շատ մեծ թվով մարդիկ գյուղական վայրերից, ովքեր քվեարկելու իրավունք են ստացել Երևանում։ Ընդ որում՝ Երևանի յուրաքանչյուր տեղամասի «լրացուցիչ ցուցակում» հայտնվել են հենց որոշակի մեկ գյուղական համայնքի տասնյակ ընտրողներ։ Սա նշանակում է, որ գործ ունենք ընտրակեղծիքի նախապես մտածված հնարքի հետ։ և հատկանշականն այն է, որ այս պահի դրությամբ, «լրացուցիչ ցուցակներով» քվեարկությանը մասնակիցների ակտիվությունը մի քանի անգամ գերազանցում է սովորական ցուցակներով քվեարկողների ակտիվությանը», - ասված է հայտարարությունում:

Ոստիկանությունը պարզաբանում է, որ ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերջնաժամկետը 2015 թ. նոյեմբերի 29-ն էր: Համապատասխան անձնագրային ծառայությունը իրավասու չէ դիմում ներկայացնելու պարագայում քննարկելու հետագա փաստական հիմքերի առկայության հնարավորությունը և ենթադրությունների արդյունքում մերժել դիմումատուին՝ հիմքում դնելով այն կանխավարկածը, որ անձը տվյալ օրը չի գտնվելու նշված համայնքում: Անձի դիմումը մերժվում է, եթե այն ներկայացվել է ժամկետի խախտմամբ:

«Լրացուցիչ ցուցակները կազմվել են օրենքով սահմանված կարգով և ժամկետում: Անհատական տվյալների կրկնությունների նկատմամբ հանրային վերահսկողությունը ապահովելու համար օրենքով սահմանված կարգով դրանք հիմնական ցուցակների հետ տրամադրվել են նաև ընտրական տեղամասերի հանձնաժողովների նախագահներին և տեղադրվել ՀՀ ոստիկանության պաշտոնական www.police.am կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ: Յուրաքանչյուր ոք կարող է ներբեռնել ամբողջական ցուցակները և համոզվել, որ անձի տվյալները ընդգրկված են միայն մեկ տեղ և մեկ ցուցակում: ՀՀ ոստիկանությունը պատասխանատու է օրենքով սահմանված կարգով քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակները վարելու, հրապարակելու համար: Պատրաստ ենք աջակցելու ցանկացած տեղեկատվության տրամադրման հարցում»,- ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG