Մատչելիության հղումներ

Ժամը 14-ի դրությամբ ոստիկանությունում ուսումնասիրվել է 38 ահազանգ


Ոստիկանությունը շարունակում է իրականացնել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքին հետևող զանգվածային լրատվության միջոցների, հասարակական կազմակերպությունների, վստահված անձանց, դիտորդների ահազանգերի մշտադիտարկում, գործում է արագ արձագանքման և հետադարձ կապի համակարգը:

Ժամը 14-ի դրությամբ ոստիկանությունում ուսումնասիրվել է 38 ահազանգ, որոնցից 3-ը ստացվել է ոստիկանության «Թեժ գծով», 2-ը՝ տարածքային մարմինների հերթապահ մասերից, իսկ 33-ը կայքէջերից: Ահազանգերը հիմնականում վերաբերել են քվեարկելուն ուղղորդելուն, դիտորդական գործունեությանը խոչընդոտելուն, լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն, ընտրակաշառքի փորձին, ընտրացուցակների ճշգրտմանը, ընտրակեղծիքին, վստահված անձանց նկատմամբ սպառնալիքին, քարոզչությանը, տեղամասերում կուտակումներին և այլն: Բոլոր ահազանգներն ուղղորդվել են ոստիկանության տարածքային մարմիններ և Անձնագրային ու վիզաների վարչություն՝ նյութեր նախապատրաստելու և հետագա ընթացքը լուծելու համար:

«Ոստիկանությունը համագործակցության համար շնորհակալություն է հայտնում բոլոր այն տեղեկատվություն տրամադրողներին, որոնք առաջնորդվում են ընտրախախտումները բացառելու ազնիվ մտահոգությամբ: Միևնույն ժամանակ, կրկին կոչ ենք անում հիմնվել միայն փաստական տվյալների և հիմնավոր տեղեկությունների վրա, զերծ մնալ անստույգ լուրեր տարածելու գործելակերպից և ապատեղեկատվությամբ արհեստականորեն լարված մթնոլորտ ստեղծելու անընդունելի մարտավարությունից»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG