Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզպետ․ «Սյունեցին ոչ թե իշխանության, այլ ինքն իր օգտին է քվեարկում»


Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան

Սյունիքում, ինչպես նախորդ համապետական ընտրություններին, այս անգամ էլ գրանցվել է մասնակցության ամենաբարձր ցուցանիշներից մեկը, չնայած առանձնապես մեծ եռուզեռ, համենայնդեպս, Գորիսում չի երևում։

Ընտրողները սառցապատ ճանապարհներով են գնում ընտրատեղամասեր։ Տեղամասային ընտրական հանձնաժողովներից մեկի նախագահ Միհրան Միրումյանը, ով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է, վերջին 10 տարիներին մշտապես եղել է ընտրական հանձնաժողովներում։ Նա էլ նկատեց, որ այս անգամ պասիվություն կա։

«Եթե 50 տոկոս քվեարկի, շատ լավ ա»,- ասաց նա:

Առավոտյան թիկնապահների ուղեկցությամբ իր հայրենի Գորիսի 37/8 ընտրատեղամասում քվեարկելու եկավ նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Նա «Ազատության» հարցին ի պատասխան խուսափեց արդյունքներ կանխատեսել, սակայն ասաց` ընտրողների մասնակցության բարձր տոկոս է ակնկալում:

«Քվեարկեցի հանուն վաղվա ապագայի»,- ասաց մարզպետը:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է բացատրում, որ Սյունիքում քվեարկողների մասնակցությունը միշտ ավելի մեծ է, քան մյուս մարզերում, և հիմնականում իշխանության օգտին են քվեարկում, Խաչատրյանը ասաց․- «Ոչ թե իշխանությունների օգտին, իրենք իրենց օգտին են քվեարկում, գիտակից ժողովուրդ են, վաղվա օրը պատկերացնելով են քվեարկում: Սյունեցուն որևէ մեկը չի կարող հակառակը պարտադրել»:

2013 թվականի նախագահական ընտրություններում Սյունիքի մարզում մասնակցության ամենաբարձր՝ 75 տոկոս էր գնացվել։ Ընդ որում Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել էր մասնակիցների 70 տոկոսը։ Սուրիկ Խաչատրյանը համոզված է, թե Սյունիքում նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների օգտին քվեարկության բարձր տոկոսներ կարձանագրվեն։ Համաձայն չէ դիտարկումներին, թե այս անգամ իշխանությունների նախաձեռնությունը տապալվելու է։

«Սյունիքին դա չի վերաբերում: Որևիցե տարածքում կարող է լինի, բայց Սյունքին դա չի վերաբերում: Դա բացատրում եմ տարածքային իշխանություն և ժողովուրդ հարաբերություններով: Դա հերի՞ք չէ, որ դրանով բացատրենք»:

Դիտարկմանը, որ շատերի կարծիքով՝ վախի մթնոլորտով է պայմանավորված այդ քվեարկությունը, Սյունիքի մարզպետն արձագանքեց․- «Աաա, քիչ խոսա է, ի'նչ վախի մթնոլորտ»:

Դեռ վաղ առավոտից քվեարկության գնացողների մեջ հատկապես ակտիվ էին հրամանատարների ուղեկցությամբ տեղամասեր եկած զինվորականները։ Հանձնաժողովականները, սակայն, չեն խոսում լրացուցիչ ընտրացուցակներով քվեարկողների մասին՝ պատճառաբանելով, որ զինվորականների թիվը հրապարակման ենթակա չէ։

Քաղաքի կենտրոնում տեղակայված ամենաշատ ընտրող ունեցող տեղամասում, որտեղ հիմնականում քվեարկում են զինվորականները, տեղամասային հանձնաժողովի «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչը զինվորներից ոմանց ձեռքին գրիչներ տեսավ և հանձնաժողովի նախագահից պահանջեց արգելել քվեարկությունը այլ գրիչներով՝ հայտարարելով, որ պետք է օգտագործվի միայն քվեախցիկում դրված գրիչը:

Գորիսի փողոցներում ընտրողները «Ազատության» հարցերին հիմնականում հրաժարվում էին պատասխանել։ Խոսում էին միայն նրանք, ովքեր հետո պարզվում էր, որ որևէ պետական հիմնարկության աշխատող են։

«Դե, ոնց սովորաբար ընտրում ենք, էս անգամ էլ, էդ ձևի պտի էթա, էլի, աշխատում եմ «Արմենտել»-ում»։ «Ինձ թվում է՝ բարեփոխումներ կլինեն»:

Գորիսի ընտրատեղամասերում միայն Հանրապետականի, «Բարգավաճ Հայաստան»-ի և Դաշնակցության վստահված անձինք կան։ «Ոչ»-ի ճակատից ներկայացուցիչներ միայն հանձնաժողովներում են։ Քվեարկությունը դիտարկում են մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

XS
SM
MD
LG