Մատչելիության հղումներ

logo-print

Իջևանի քաղաքապետը վստահ է, որ քվեարկությանը մասնակցողների 70 տոկոսը «այո» կքվեարկի


Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը վստահ է, որ իր ղեկավարած քաղաքում քվեարկողների 70 տոկոսը «այո» կասի սահմանադրական փոփոխություններին:

«70-ից ավելի տոկոսը «այո» կքվեարկի:Ժողովրդի հետ մշտական շփվում եմ, զգում եմ: Պասիվություն էլ, եթե հիմա կա, ժամանակի հետ է կապված, մի քիչ ցուրտ ա, օրը կբացվի, ավելի ակտիվ կլինեն»,- «Ազատությանը» փոխանցեց Ղալումյանը:

Իջևանի քաղաքապետը կարծում է, որ նոր Սահմանադրությունը դրական փոփոխություններ կբերի երկրում և նաև Իջևանում:

«Ամեն մի փոփոխություն միշտ ունենում է իր դրական արդյունքները, ես համոզված եմ, որ Սահմանադրության մեջ իրականում փոփոխությունների կարիք կար, ես մեր ժողովրդին վստահեցնում եմ, որ փոփոխությունները իրենց դրական պտուղները կտան մեր ժողովրդին»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե ինչը՞ կփոխվի, Ղալումյանն ասաց․- «Ոչ միայն մեր քաղաքում կփոխվի, այլև երկրում կփոխվի, իսկ քաղաքում փոփոխությունները ակնհայտ երևում են, մանավանդ վերջին երեք ամիսներին լայնածավալ աշխատանքներ են կատարվել, ես վստահեցնում եմ մեր քաղաքացիներին, որ Սահմանադրական բարեփոխումներից հետո քաղաքում ավելի մեծ մասշտաբով աշխատանքներ կիրականան»:

Ղալումյանը նաև հավելեց, թե մարդկանց ընտրատեղամասեր բերելու համար համոզելու կարիք չկա․- «Համոզելու գործ չկա, ժողովուրդը իր տեսակետն ունի, ինքնաբուխ կգա ընտրության»:

XS
SM
MD
LG