Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը պատռեց քվեաթերթիկով ծրարը՝ «հանուն Հայաստանի Հանրապետության»


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ թիվ 10/06 ընտրատեղամասում քվեարկելուց հետո, մոտենալով քվեատուփին, պատռեց քվեաթերթիկով ծրարը և գցեց քվեատուփը, հայտարարելով՝ «Հանուն Հայաստանի Հանրապետության»:

Քվեարկությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հովհաննիսյանը, մասնավորապես, ասաց․ - «Ի սկզբանե խախտվել է, չեղարկվել է հանրաքվեն իր ընթացակարգով և իր բովանդակությունը աղերս չունի հայ ժողովրդի և Հայաստանի քաղաքացու իրական ընտրության հետ»:

«Ժառանգություն» կուսակցությունը «Հիմնադիր խորհրդարանի», «Ոտքի Հայաստանի» և մի շարք այլ ուժերի հետ կազմել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը: «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով «Նոր Հայաստանի» հայտարարությունն այն մասին, որ այս գիշեր՝ ընտրատեղամասերին փակվելուց հետո, իրենք Երևանի կենտրոնական փողոցներում գործողություններ են իրականացնելու, Րաֆֆի Հովհաննիսյանը, մասնավորապես, ասաց․ - «Երբ մութն ընկնի՝ Ազատության հրապարակում կլինի պաստառ, որտեղ կցուցադրվեն հատվածներ ձեր ուղիղ եթերներից, ինչպես նաև քարոզչություն չհանդիսացող տեսահոլովակներ: Գիտեք, որ հայտնի հայեր՝ Թանկյանից սկսած, մինչև ամենահեռավոր գյուղի քաղաքացին իրենց տեսակետը հայտնել են: Դա կներկայացնենք մինչև 8-ը, և 8-ից հետո բուն հավաքը կսկսվի: Պարբերաբար քվեարկությունից տեղեկություն կստանանք եթերի միջոցով, հանձնաժողովի մեր անդամները կվերադառնան հրապարակ, իրենց զեկույցը կտան: Ելույթներ կլինեն, և ես կարող եմ կանխատեսել, որ ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների հրապարակմանը զուգահեռ հավաքված ժողովուրդը կորոշի դրանից բխող գործողությունները»:

XS
SM
MD
LG