Մատչելիության հղումներ

Նորաստեղծ «Հայաստան Արցախ հիմնադրամը» կշարունակի ՄՀՀ-ի աշխատանքը


Նորաստեղծ «Հայաստան Արցախ հիմնադրամի» նախագահ Հարութ Սասունյան, արխիվ

Նորաստեղծ «Հայաստան Արցախ հիմնադրամի» նախագահ Հարութ Սասունյան, արխիվ

Դեկտեմբերի 1-ին Գլենդեյլում հիմնադրվել է շահույթ չհետապնդող նոր կազմակերպություն՝ «Հայաստան Արցախ հիմնադրամը», որի նպատակն է լայնածավալ մարդասիրական աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Այդ մասին հայտնում է ԱՄՆ-ում լույս տեսնող «Կալիֆորնիա Կուրիեր» պարբերականի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

«Նկատի ունենալով հայկական երկու հանրապետություններում տիրող համատարած աղքատությունը և գործազրկությունը, «Հայաստան Արցախ հիմնադրամի» առաքելությունն է՝ շարունակել մարդասիրական այն հսկայական աշխատանքը, որ Միացյալ հայկական հիմնադրամը (ՄՀՀ) իրականացրել է վերջին 26 տարիների ընթացքում՝ 720 մլն դոլար արժողությամբ մարդասիրական օգնություն տրամադրելով Հայրենիքին», - ասված է հաղորդագրությունում:

«Հայաստան Արցախ հիմնադրամը» կղեկավարեն Հարութ Սասունյանը՝ որպես նախագահ, և Նուրիցա Աբուժամրան՝ որպես ծրագրի տնօրեն, որոնք նմանօրինակ պաշտոններ զբաղեցրել են Միացյալ հայկական հիմնադրամում՝ մինչև վերջինի գործունեության դադարեցումը 2015 թվականի նոյեմբերի 30-ին: «Հայաստան Արցախ հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամներն են Վիտալի Գրիգորյանցը, Հարութ Սասունյանը, Ստեփան Մարտիրոսյանը, Արսեն Միքայելյանը և Նուրիցա Աբուժամրան:

«Հանրահայտ գործարար Վիտալի Գրիգորյանցը «Հայաստան Արցախ հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի ատենապետն ու գլխավոր բարերարն է: Նա նյութական անհրաժեշտ միջոցներ կհատկացնի հիմնադրամին, որպեսզի հնարավոր լինի միլիոնավոր դոլար արժողությամբ մարդասիրական օժանդակություն հատկացնել ամեն տարի Հայաստանի և Արցախի հիվանդանոցներին, պոլիկլինիկաներին, դպրոցներին, մանկատներին և տարբեր բարեգործական հաստատությունների՝ նրանց տրամադրելով կենսական անհրաժեշտության դեղորայք, պատվաստանյութեր, բժշկական սարքավորումներ, մանկական սնունդ, գյուղատնտեսական սարքավորումներ, համակարգիչներ, ձմեռային հագուստ, կոշիկներ, խաղալիքներ, գրքեր և բազմաթիվ այլ ապրանքներ», - փոխանցում է Հարութ Սասունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG