Մատչելիության հղումներ

logo-print

Լայվբլոգ․ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե

Դեկտեմբերի 6-ին ժամը 08:00-ին Հայաստանի տարածքում մեկնարկել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Ընդհանուր առմամբ գործում է 1997 ընտրատեղամաս:


Ամփոփում

Այսօր ժամը 08:00-ին Հայաստանի տարածքում մեկնարկել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Ընդհանուր առմամբ գործում է 1997 ընտրատեղամաս:

Ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանի Հանրապետության հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 2.550.323 ընտրող:

Կենտրոնական հանձնաժողովը դեկտեմբերի 6-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները հրապարակելու է դեկտեմբերի 7-ին մինչև ժամը 20:00-ն:

07:44 7.12.2015
Արման Հովհաննիսյան

Հայաստանում գործող բոլոր 1997 ընտրատեղամասերում կիրակի օրը անցկացված հանրաքվեի նախնական արդյունքներով՝ սահմանադրական փոփոխություններն ընդունված են։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում հրապարակված արդյունքներով՝ «այո» է քվեարկել 825 հազար 622 ընտրող կամ քվեարկության մասնակիցների 63.35 տոկոսը, «ոչ»՝ 421 հազար 593 ընտրող կամ քվեարկության մասնակիցների 32.35 տոկոսը։

Հիշեցնենք՝ Սահմանադրության 113-րդ հոդվածի համաձայն՝ «հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը»։ Ըստ այդմ՝ «այո» է քվեարկել ընտրողների 32.17, «ոչ»՝ 16.42 տոկոսը։

Անվավեր է ճանաչվել 53 հազար 323 քվեաթերթիկ, անճշտությունների թիվը 824 է։

ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ ամենաակտիվը եղել են Արարատի մարզի ընտրողները, որոնց 66.5 տոկոսը մասնակցել են քվեարկությանը, ամենացածր ակտիվությունն արձանագրվել է Շիրակի մարզում՝ 41.27 տոկոս, Երևանում մասնակցությունը 46.36 տոկոս է։

03:06 7.12.2015

Մի քանի րոպե առաջ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտակայքում հավաքված մի խումբ քաղաքացիներ ցանկություն են հայտնել ներս մտնել հանձնաժողովի շենք և իրենց ունեցած որոշակի մտահոգությունների կապակցությամբ քննարկումներ անցկացնել ԿԸՀ նախագահի հետ:

ԿԸՀ մամլո ծառայությունը հայտնում է, որ հանձնաժողովի ամբողջ կազմը, ներառյալ՝ դրա նախագահը, ներկայումս իրականացնում են օրենքով իրենց վերապահված գործառույթները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում 2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների ամփոփման կապակցությամբ: ԿԸՀ մամլո ծառայությունը հայտարարում է նաև, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այդ թվում՝ դրա նախագահը, պատշաճ ընթացակարգերից դուրս, առանց գրավոր հիմքերի իրավասու չեն կատարել քաղաքացիների ընդունելություն, մասնավորապես, նրանց հետ բանավոր քննարկումներ անցկացնել ինչպես նրանց կողմից հնչեցված ընդհանուր մտահոգությունների, այնպես էլ ենթադրյալ խախտումների վերաբերյալ:

Միաժամանակ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավաստիացնում է, որ պատշաճ կարգով ներկայացված ցանկացած դիմում, բողոք կամ պահանջ օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակներում պատշաճ քննարկման առարկա կդառնա:

02:53 7.12.2015

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախնական տվյալներ է ներկայացնում թվով 1482 ընտրատեղամասերից։

Ըստ այդ տվյալների՝ «այո»-ի օգտին է քվեարկել 618 014 հոգի կամ 66.06 տոկոսը, «ոչ»-ի օգտին՝ 280 533 ընտրող կամ 29.98 տոկոսը։

01:29 7.12.2015

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախնական տվյալներ է ներկայացնում թվով 251 ընտրատեղամասերից։

Ըստ այդ տվյալների՝ «այո»-ի օգտին է քվեարկել 97 214 հոգի կամ 70.98 տոկոսը, «ոչ»-ի օգտին՝ 35 079 ընտրող կամ 25.61 տոկոսը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG