Մատչելիության հղումներ

Անապահով ընտանիքը սարսափով է սպասում ցրտերին


«Ասում են՝ ու՞մ վրա եք մուննաթ գալիս, էդքան երեխա չբերեիք, բայց իմ տղան Հայաստանին չորս զինվոր է տալիս»,- պատմում է բազմանդամ ընտանիքի տատը:

Աբովյանում բնակվող Օհանյանների ընտանիքն ամեն անգամ վախով է սպասում ձմռանը։ Երեք տարի առաջ այս օրերին ցրտի պատճառով կորցրել են բազմանդամ ընտանիքի ամենափոքրին․ հիվանդանոց հասցնելուց երկու ժամ անց երեք ամսական երեխան մահացել էր: Բժիշկները նրա մոտ թոքաբորբ էին ախտորոշել։

«Ցուրտ էր, պուճուրը՝ երեք ամսեկան, թաց-թաց շորերը հագցնում էի, դրա համար էլ մրսեց էլի, հիվանդացավ։ Հենց մի հատ հազում են, սիրտս կանգնում ա, տանում եմ հիվանդանոց թոքերն եմ լսել տալիս առաջնահերթ, որ արխային լինեմ»- պատմում է երխայի մայրը՝ Ռուզաննան։

Տատը՝ Ալվարդ Ներսիսյանը մինչև հիմա սարսափով է հիշում այն օրերը, երբ տասը հազար դրամ պարտքի պատճառով օրեր շարունակ զրկված էին էլեկտրականությունից։ «Վառելիք չկար, լուսը անջատել էր էլեկտրիկը անխղճաբար, 10.000-ի համար, չէր միացնում, գնացի խնդրեցի, ասեցի միացրա, ես կմուծեմ, գումարը կստանամ, կմուծեմ»,- վերհիշում է Ալվարդը։

Ութ հոգանոց ընտանիքն ապրում է կառավարության տված 53 հազար դրամ անապահովության նպաստով, ընտանիքի տաքսու վարորդ հոր և հավաքարար տատի աշխատավարձով։ Պատմում են, որ տան վարձն արդեն մի քանի ամիս է` չեն կարողանում վճարել։ Այդ պատճառով արդեն մի քանի անգամ իրենց դուրս են արել վարձով տրվող կացարաններից։

«50 հազարով ո՞րը տաս, վարձ տաս, լույս տաս, ջուր տաս, թե՞ երեխեքին կերակրես, խանութի պարտքը տաս։ Կաթնաղբյուր գյուղում 300.000 անցած տարի պարտք ենք եղել, մինչև հիմա նոր պրծել ենք էդ 300.000-ը՝ քիչ-քիչ մարելով»,- պատմում է Ալվարդ Ներսիսյանը։

Անապահով այս ընտանիքի անդամները կացարան ստանալու խնդրանով նամակներ են գրել և՛ նախագահին ու վարչապետին, և՛ քաղաքապետին։ «Գնացի քաղաքապետից հանրակացարան խնդրեցի, ասում ա՝ ես ո՞ւմ ձեռքից վերցնեմ տամ, քո նման 5 երեխատերեր շատ կան Աբովյանում: Մի քանի տեղ դիմել եմ, ասում են՝ ով ա ասում բերեիք [երեխաներ ունենայիք] , բերել եք, ու՞մ վրա եք մուննաթ գալիս, բայց Հայաստանին իմ տղան չորս զինվոր ա տալիս։ Ասում են բարգավաճենք, շատանա հայ ժողովուրդը, բայց որ երեխուն բերում ես, չես կարում պահես, մեղքի տակ ես ընկնում, դա ավելի ծանր ա»։

Օհանյաններն այս տարի էլ չեն կարողանում տունը ջեռուցել։ Առաջին ձյան հետ նրանք նորից նույն խնդրի առաջ են կանգնել։ «Իմացա՝ փայտ են բաժանում անապահով ընտանիքներին, գնացի, ասեց արդեն ուշացել ես, էլ չկա, որ օգնենք, շուտ գայիր։ Գազը մուծում ենք, երեխեքն են սոված մնում, ասել եմ փետ բերեք, հետո ասել եմ մի բերեք, քանի որ ի վիճակի չեմ տալու»,- շարունակում է Ալվարդ Ներսիսյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով, այս տարվա տասը ամիսների ընթացքում Հայաստանի ընտանիքներում ծնվել է 5680 երրորդ և չորրորդ, 228 հինգերորդ և հաջորդ երեխա։ Նախորդ տարիների համեմատ բազմազավակ ընտանքիներում երեխաների թիվն ավելացել է ու թեև 2016-ի բյուջեի նախագիծն արդեն սոցիալական անվանումն է ստացել, սակայն, սոցիալապես անապահով ու բազմազավակ 105.000 ընտանքիներին տրվող նպաստը չի ավելանալու։

Այսպիսի ընտանիքներին աջակցելու այլ ծրագրեր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չունի։ «Հնարավորության դեպքում համայքնապետերը ձմռան ամիսներին վառելափայտ են տրամադրում»,- փոխանցեցին նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG