Մատչելիության հղումներ

«Առջևում բարդ ժամանակներ են»


Կարինե Հարությունյան, Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի ծրագրի ղեկավար

Կարինե Հարությունյան, Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի ծրագրի ղեկավար

Ըստ փորձագետի, տնտեսական վատ վիճակի մեղավորը միայն արտաքին ազդեցությունը չէ, «մենք բյուջեի կատարման, կառավարման որակի լուրջ խնդիրներ ունենք»:

Մինչև տարեվերջ խորհրդարանը պետք է հաստատի 2016թ․ բյուջեն։ Մինչ այդ, թե՛ կառավարության ներկայացացուցիչները, թե անկախ փորձագետները նկատում են, որ առջևում բարդ ժամանակներ են։ Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի ծրագրի ղեկավար Կարինե Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում մատնանշում է եկամուտների անկումը, պարտքի սպասարկման բարձր տոկոսավճարները։

«Միշտ բյուջետային եկամուտների աճ է գրանցվել, մինչդեռ հիմա, փաստորեն, անկում ենք սպասում: Այս իմաստով կարող ենք ասել, որ իրավիճակը բարդանում է»:

Փորձագետի խոսքով, 2016-ի բյուջեն որևէ կերպ հնարավոր չէ համարել զարգացման բյուջե: Թեև նախագծի հիմնական շեշտադրումներն արված են գործարար միջավայրի բարելավման և արտահանման զարգացման վրա, այնուամենայնիվ, եկող տարվա հիմնական ֆինսական փաստաթղթի այդ դրույթները, ըստ Կարինե Հարությունյանի, ընդամենը հռչակագրային բնույթ ունեն։ «Բյուջետային ծախսերն առանձնապես էդ ուղղվածությունը չունեն, կամ էլ այդ ուղղությամբ նոր ծրագրեր ու ծախսերի աճ 2016-ի բյուջեով չի նախատեսվում»:

Չի աճի թոշակների, նվազագույն աշխատավարձի չափը, նույնը կմնան պետական հատվածի աշխատողների վարձատրությունները, իսկ գնաճը կկազմի շուրջ 4 տոկոս։ «2,2 տոկոս տնտեսական աճ՝ 4 տոկոս գնաճի պայմաններում, այսինքն՝ իրական եկամուտներ մենք չենք կարող ակնկալել: Համեմատության համար նշեմ, որ հենց Հայաստանի առողջապահության նախարարության հաշվարկած սպառողական զամբյուղի նվազագույն արժեքն ավելի բարձր է, քան 55 հազար դրամի նվազագույն աշխատավարձը»,- համեմատում է փորձագետը:

2016 թվականին աճելու է նաև Հայաստանի արտաքին պարտքը՝ կազմելով ավելի քան 4.5 միլիարդ դոլար, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է նախաճգնաժամային՝ 2008 թվականի ցուցանիշը: Կարինե Հարությունյանը անհրաժեշտ է համարում, որ կառավարությունը Ազգային ժողովին ու հանրությանը ներկայացնի վերջին տարիներին գոյացած պարտքի վերլուծությունը: Փորձագետը հիշեցնում է՝ նոր պարտքերը վերցրել են հիմանկանում ճգնաժամերից խուսափելու համար։

«Որքանով են սրանք արդյունավետ եղել, հասարակությունը որքանով է զգացել այդ պարտքերի ազդեցությունը, չեմ կարող ասել: Ամեն դեպքում այդ ազդեցությունը դեռևս էական չէ»,- նկատում է տնտեսագետը, այդուհանդերձ՝ հավելելով․ «Դա անցած տարիների ընթացքում որոշակիորեն նպաստել է տնտեսական կայունության պահպանմանը»:

2016-ին բարդություններ է կանխատեսում նաև կառավարությունը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անցյալ ամիս խորհրդարանում ներկայացնելով բյուջեի նախագիծը, խոսեց լարված աշխարհաքաղաքական զարգացումների մասին, որոնք խոչընդոտում են տնտեսական աճին։ Կարինե Հարությունյանը համաձայն է՝ Հայաստանի նման փոքր երկրի վրա արտաքին գործոնները ազդեցություն ունենում են, բայց խնդիրենրը հիմանկանում, այնուամենայնիվ, երկրի ներսում են, ասում է նա։

«Մենք բյուջեի արդյունավետ կատարման, կառավարման որակի լուրջ խնդիրներ ունենք մեր երկրում, որտեղ տնտեսական իրավիճակը միշտ չէ, որ կարելի է պայմանավորել տարածաշրջանային գործոններով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG