Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետը Բաքվում Հայաստանին ուղղված կոչ է հնչեցրել


Ահմետ Դավութօղլու, Իլհամ Ալիև
Ահմետ Դավութօղլու, Իլհամ Ալիև

Անկարան Երևանին կոչ է անում վերադարձնել ադրբեջանական հողերը և միանալ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան դաշինքին։ Այս մասին Բաքու կատարած իր պաշտոնական այցի ընթացքում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն՝ ելույթ ունենալով Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում։

«Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի կողքին կլինի այնքան ժամանակ, մինչև չազատագրվեն ադրբեջանական հողերը։ Ուզում եմ դիմել Հայաստանին՝ եթե խաղաղ ճանապարհով վերադարձենք ձեզ չպատկանող տարածքները, ապա կկարողանաք միանալ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան դաշինքին։ Մենք ոչ մեկի նկատմամբ ոխ չենք պահում, բայց Ադրբեջանի ամեն մի թիզ հողը մեզ համար թանկ է, և այդ հողերը անպայման պետք է ազատագրվեն»,- ասել է Դավութօղլուն։

Թուրքիայի նորընտիր կառավարության ղեկավարը իր առաջին արտերկրյա պաշտոնական այցը ավանդույթի համաձայն կատարել է Ադրբեջան։ Կարևորելով այդ երկրի հետ հարաբերությունները՝ Թուրքիայի վարչապետը հնչեցրել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի խոսքերը՝ «մենք մեկ մոր երկու զավակներ ենք»։ «Ադրբեջան ասելիս՝ ես միշտ ավելացնում եմ՝ ջա՛ն, Ադրբեջան ջան, դու մեր հոգին ես»,- հայտարարել է Դավութօղլուն արդեն նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։

Այստեղ ևս Ղավութօղլուն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության թեմային, վերահաստատել Թուրքիայի անվերապահ աջակցությունն Ադրբեջանին։ Խոսելով եղբայրական Ադրբեջանի տառապանքներից և դժվարություններից, որոնք, ըստ Դավութօղլուի, հետևանք են սեփական տարածքների կորստի, Թուրքիայի վարչապետը ընդգծել է՝ աշխարհում բազմաթիվ խնդիրների լուծման հիմնական սկզբունքը տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքն է։

Հենց այս միտքը հնչեցնելուց հետո Թուրքիայի կառավարության ղեկավարը անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին, որոնք վերջին շրջանում սրվել են Թուրքիայի օդուժի կողմից ռուսական օդանավի կործանման պատճառով։ Դավութօղլուն այս մասին իր բավական ծավալուն ելույթում ևս մեկ անգամ Կրեմլին կոչ է արել մի կողմ դնել զգացմունքային հայտարարություններն ու կոշտ քայլերը և սեղանի շուրջ քննարկել խնդիրները։

«Եվս մեկ անգամ ուզում եմ Ռուսաստանին, պարոն Պուտինին դիմել: Եկե՛ք մեղմենք հայտարարությունների տոնը և փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն հանդիպենք և քննարկենք խնդիրները։ Մենք ևս մեկ անգամ պատրաստ ենք պարզաբանել տեղի ունեցած միջադեպը, թեև նախկինում արդեն խոսել ենք այդ մասին»,- ասել է Թուրքիայի վարչապետը՝ շեշտելով՝ Անկարան միշտ պատրաստ է քննարկել ցանկացած թեմա։

«Միակ թեման, որը քննարկման ենթակա չէ, դա մեր սահմանների անվտանգությունն է»,- հավելել է նա։

Դավութօղլուն Կրեմլին հիշեցրել է, որ անցյալ տարի, ի տարբերություն տասնյակ երկրների, Թուրքիան չմիացավ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման գործընթացին, մինչդեռ Մոսկվան Թուրքիայի դեմ այսօր պատժամիջոցներ է սահմանում՝ չհասկանալով, որ պատժամիջոցները հավասարապես վնասելու են նաև Ռուսաստանին։ շ

Ի տարբերություն Ռուսաստանի հետ էներգետիկ ծրագրերի մշուշոտ ապագայի, Թուրքիան և Ադրբեջանն հաջողություններ են արձանագրում։ Առանձնացնելով Տրանսանատոլիական գազատարի` TANAP-ի նախագիծը՝ Թուրքիայի վարչապետը տեղեկացրել է, որ կողմերը ջանում են նախագիծը շահագործման հանձնել ոչ թե 2018-ին, ինչպես որ նախատեսված էր, այլ ավելի շուտ։

Հայաստանը շրջանցող այս էներգետիկ ծրագրով նախատեսվում է Վրաստանի և Թուրքիայի տարածքով անցնող խողովակաշարով ադրբեջանական գազը հասցնել Հարավային Եվրոպայի շուկաներ` թուլացնելով Եվրամիության անդամ պետությունների կախվածությունը ռուսական էներգակիրներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG