Մատչելիության հղումներ

Սևանի ՀՀԿ-ականները վստահ են՝ իրենց համայնքում «այո»-ն հաղթելու է


ՀՀԿ-ի գլխավոր «այո»-ի շտաբը Սևանում
ՀՀԿ-ի գլխավոր «այո»-ի շտաբը Սևանում

Մինչդեռ շարքային սևանցիները, «Ազատության» հետ զրույցներում, հիմնականում ասում էին, թե դեռ չեն կողմնորոշվել:

Երկրապահ կամավորականների միության սևանցի անդամ Արայիկ Սիմոնյանն ասում է, թե «ոչ» է ասելու սահմանադրական փոփոխություններին: Նաև համոզված է, որ Սևանի բնակիչների մեծամասնությունը համակարծիք է իր հետ։ «Ես երկրապահի անդամ եմ, կռվող տղա եմ, 100 տոկոս ասելու եմ «ոչ»։ Սևանցիների երևի 90 տոկոսն էլ «ոչ» կասեն։ Իմ կարծիքն ա։ Միայն հանրապետականն ա ասում «այո»»։

Արայիկ Սիմոնյանն ասում է, որ իշխանության նախաձեռնությունները մերժելու պատճառներ ունի։ Չնայած իրավունք չի ստացել, բայց սեփական ավտոմեքենայի վրա տաքսու տարբերանշան է դրել ու մի կերպ կարողանում է օրվա հաց վաստակել։ «Ես տաքսու վարորդ եմ։ Այսինքն՝ գրդոնչի են ասում մեզ։ Ես սպասում եմ՝ 100 տոկոսով ինձ տուգանելու են։ Տես, հենց հիմա տաքսու զնակը գլխին դրած ա։ Չեմ էլ հանելու։ Ես իրավունք չունե՞մ օրական 1000 դրամ տուն տանելու։ Հիմա ասեմ «այո», ինչի՞ համար ասեմ»,- «Ազատության» հետ զրուցում հարց է տալիս ԵԿՄ անդամը։

Սևանում «ոչ»-ի շտաբեր չկան։ «Այո»-ի շտաբերն էլ, մեր այցի պահին, հիմնականում փակ էին։ Քաղաքի կենտրոնում գործում է Հանրապետականի շրջանային կազմակերպությունը, որտեղ էլ տեղակայված է «Այո»-ի գլխավոր շտաբը։ Երկհարկանի վերանորոգված ու կահավորված գրասենյակի դիմաց մի թանկարժեք ավտոմեքենա էր կայանած։ Հանրապետականի շրջանային խորհրդի նախագահ Ալեքսան Պողոսյանինն էր։ Նա գրասենյակում մենակ էր։ Պողոսյանը ոչ միայն հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, այլև հերքեց, թե ինքը խորհրդի նախագահն է: Անգամ չհաստատեց, որ հանրապետական է, ասաց, թե չի էլ ճանաչում՝ ով է կազմակերպության ղեկավարը։

«Այ ցավդ տանեմ, ինչ ես ուզում, թող, ես էսօր շատ վատ վիճակի մեջ եմ, ես էլ իմ պրոբլեմներով եմ եկել էս գրասենյակ։ Մարդիկ կգան, ովքեր, որ կարան քո հարցերին պատասխանեն, ժամը 5-ից, 6-ից հետո կգաս, կխոսաք»,- ասաց Ալեքսան Պողոսյանը, հավելելով, թե ինքն այստեղ պատահական մարդ է։

Պողոսյանը, ով, ի դեպ, 1999 - 2012 թթ հանրապետական պատգամավոր է եղել, արգելեց գրասենյակում նկարահանումներ կատարել։ «Արա անջատի էտի, կապիկություն մի արա, հել գնա էստեղից»:

Սևանի հանրապետական քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեր այցելության պահին իր աշխատասենյակում համացանցով հետևում էր ընդդիմության հանրահավաքին։ Ասաց, թե ուզում է տեղեկանալ քաղաքական անցուդարձին։ Ռուդիկ Ղուկասյանը «այո»-ի Սևանի քաղաքային շտաբն է ղեկավարում, բայց ասաց, թե շրջանային շտաբի պատասխանատուի մասին տեղեկություն չունի։ «Չգիտեմ, այ բալա, մենք էդ շտաբի հետ կապ չունենք, մենք տարբեր շտաբեր ենք»։

Միմյանց հետ թեև կապ չունեն, բայց վստահ են` «այո»-ի շտաբերում գործերը լավ են. իրենց կողմնակիցները Սևանում մեծամասնություն են կազմում։ «Մենք աշխատել ենք մարդկանց հետ, բացատրել են քարոզիչները մեր, բավականին լավ տրամադրվածություն կա քաղաքում»,- ասաց Ղուկասյանը։

Ըստ նրա, իրենք նախկինում տված բոլոր խոստումներն իրագործել են, և սևանցիները կիրակի օրն իրենց հավատալով են գնալու քվեարկության։ «Ես համարում եմ, որ սոցիալական վիճակը բավարար ա Սևան քաղաքում, քանի որ Սևան քաղաքը գտնվում ա լճի ափին, և մարդիկ հնարավորություն ունեն զբաղվելու իրենց անձնական բիզնեսով»,- «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքապետը։

Մինչդեռ Սևանի բնակիչները համոզված են՝ լճափին գտնվող իրենց քաղաքում ապրելակերպը լավացնել է պետք։ Նրանցից շատերն ասում են, թե դեռ չեն կողմնորոշվել, քվեարկության օրը կորոշեն՝ ինչպես քվեարկել։

«Դե, ժամանակ ունենք դեմը մի 3 օր, կկողմնորոշվենք էլի երևի։ Եթե դրական բաներ տենանք՝ «այո» կասենք էլի երևի», «Չէ, ի՞նչ ենք իմանում, որ ինչ կողմնորոշվենք», «երևի չգնամ ընտրություններին, մեկ ա՝ օրենք փոխելով՝ ժողովրդին օգուտ չեն տալիս», ««ոչ» եմ քվեարկելու, որովհետև ես դժգոհ եմ էս կառավարությունից․․․»,- մեզ հետ զրույցում ասում էին սևանցիները:

Սևանցի Կարենը, ով ձմռան սառնամանիքին բաց երկնքի տակ մի աթոռ էր դրել ու կոշկակարություն էր անում, ասաց, թե մասնակցելու է հանրաքվեին ու «այո» է քվեարկելու։ Բացատրեց՝ արհեստանոց ունենալու համար անգամ 1 քմ տարածք չտրամադրած իշխանություններին չի ուզում վատություն անել։ «Ի՞նչ անեմ, մարդկանց ո՞նց վատություն անեմ։ Էսքան ժամանակ մարդկանց վատություն արած չկամ, բացի լավությունից»։ Հարցին՝ ձեզ ասե՞լ են, որ «այո» քվեարկեք, պատասխանեց․ «հա էլի, դե ինչ անեմ»։

XS
SM
MD
LG