Մատչելիության հղումներ

ՀՅԴ․ «Լավ մտածեք և դուռ բացեք սերունդների համար»


«Այո»-ի ուժերն ամփոփեցին հանրաքվեի քարոզարշավի արդյունքները:

Հայաստանում 10-15 հոգուց բացի այլ մարդ չկա, ով փոփոխություն չի ուզում: Այսօր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավն ամփոփող մամլո ասուլիսում նման հայտարարություն արեց ՀՅԴ խմբակցության քարտուղար, Դաշնակցության «Այո»-ի շտաբի ղեկավար Աղվան Վարդանյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, թե իրենց պատկերացրած փոփոխությունը համակարգային է, որին կարելի է հասնել սահմանադրական փոփոխությունների միջոցով:

Իսկ թե ովքեր են փոփոխություն չցանկացող 10-15 հոգին, Վարդանյանը չհստակեցրեց․ «Դուք էլ ձեր մտքում կարող եք թվարկել, գուցե 25-ի հասնեք կամ սահմանափակեք»,- ասաց Վարդանյանը:

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստմյանն էլ ընդգծեց՝ դեկտեմբերի 6-ին ժողովուրդը պատմական ջրբաժանի առաջ է կանգնելու, եթե սահմանադրական փոփոխությունները չընդունվեն, ապա «այսօրվա մղձավանջը շարունակվելու է», քանի որ այդ ամենի հիմքում ընկած է համակարգային ճգնաժամը:

«Էդ համակարգը եթե չենք փոխելու, ճգնաժամաը էլ ավելի է խորանալու, գնալով ավելի ակնհայտ է դառնալու՝ եթե պահպանվեց էս համակարգը, մեր քաղաքացու կյանքում ոչինչ չի փոխվելու: Եթե 2017 թվականը լինելու է նորից վերահաստատումը այս մեծամանության, նորից նրանք, ովքեր էսօր էլ օլիգարխ են, մեծահարուստ են, մնալու են ջրի երեսին»,- շարունակեց Ռուստամյանը:

Նա վստահեցրեց՝ եթե պահպանվի գործող համակարգը, և 2018-ին նախագահ ընտրվի անգամ «ոչ»-ի ճամբարի ներկայացուցիչը, միևնույն է՝ ժողովրդի կյանքում ոչինչ չի փոխվելու: «Իրավիճակն է փոխվելու, շրջապատն է փոխվելու նախագահի, և ամեն ինչ արդեն․․․բոլոր ռեսուրսներն աշխատելու են էդ շրջապատի հարստացման, ապահովության համար: Սթափության կոչ ենք անում, վաղը լռություն է, էդ օրը լավ մտածեն, հաջորդ օրը գնան, իսկապես, մեր երկրի, մեր սերունդների համար դուռ բացեն՝ նոր զարգացման, նոր Հայաստանի համար»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Ի դեպ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավարն իրենց քննադատողներին և, մասնավորապես, «ոչ» քարոզող ՀԱԿ-ին հիշեցրեց 1995 թվականը, երբ այն ժամանակ տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից կես տարի առաջ փակեցին Դաշնակցություն կուսակցությունը, քանի որ այդ հանրաքվեի դեմ պայքարող ուժերից մեկն էլ հենց իրենք էին: Իսկ այսօրվա «ոչ»-ի կողմնակիցները հանգիստ իրենց քարոզն են անում, ասաց Ռուստամյանն ու հավելեց․

«Նրանք «ոչ»-ի շարժում են կարողանում անել, լեգիտիմ քննարկում է տեղի ունենում, ամեն մեկն իր տեսակետն է հայտնում, ազատ նստած են, հանրահավաքներ են անում՝ ինչ ուզում ասում են: Դաշնակցությանը կասեցրել էին, որ չկարողանան ընդհանրապես խոսել:

1995 թվականի Սահմանադրության լեգիտիմության մասին ընդհանրապես չխոսեն, որվհետև էդ ամենա ոչ լեգիտիմ անցկացված հանրաքվեն ա եղել՝ համատեղելով Ազգային ժողովի ընտրությունների հետ, որ ոչ մեկ խաբար չլինի, թե ինչ տեղի ունեցավ: Այսինքն՝ էդ ժամանակ Դաշնակցության զգալի մասը հալածված էր, կուսակցությունն արգելված էր էդ պայքարի համար: Էդ պայքարն ա, որ մենք 20 տարի ուշացումով նորից կրկնում ենք: Հիմա ես հուսով եմ՝ ինչ որ չհաջողվեց 20 տարի առաջ անել, հիմա ենք անելու»:

Իշխող Հանրապետական կուսակացության խոսնակը, ով վստահ է, որ «այո»-ն դեկտեմբերի 6-ին հաղթելու է, նույնպես սուր քննադատության ենթարկեց «ոչ»-ի ճամբարի ուժերին: «Մի հարսանիքին ավելի շատ մարդ ա գալիս, քան ՀԱԿ-ի հանրահավաքին, ինչի՞ մասին է խոսքը, էդ կուսակցությունից ժողովուրդը ի՞նչ պիտի սպասի»:

Էդվարդ Շարմազանովը չշրջանցեց նաև սահմանդրական հանրաքվեն բոյկոտելու՝ Ռոբերտ Քոչարյանի որոշումը: Հիշեցնենք՝ Հայաստանի 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նախօրեին «Ազատությանը» տեղեկացրել էր, որ Քոչարյանը չի պատրաստվում մասնակցել «Հայաստանի շահերի համար անիմաստ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և դեկտեմբերի 6- ին ընտրատեղամաս չի գնա»:

«Գոնե մեր նորագույն պատմությունը ցույց է տվել, որ բոյկոտից տուժում են ոչ թե նրանք, ինչ բոյկոտում են, կամ ում բոյկոտում են, այլ բոյկոտից տուժում են այն քաղաքական գործիչները, այն քաղաքական ուժերը, ովքեր գնում են բոյկոտի ճանապարհով»,- հայտարարեց ՀՀԿ խոսնակը:

XS
SM
MD
LG