Մատչելիության հղումներ

ՀԿ-ները քվեարկությունը վերահսկելու նոր գործիք են առաջարկել


Armenia -- A screenshot from hanraqve.com site, undated.
Armenia -- A screenshot from hanraqve.com site, undated.

Քաղաքացիական հասարակությունը hanraqve.com կայքի միջոցով մտադիր է ուժեղացնել վերահսկողությունը հանրաքվեի նկատմամբ՝ հատկապես Հայաստանից բացակայողների կամ ընտրատեղամաս չգնացածներ փոխարեն քվեարկությունները կանխելու նպատակով:

Նախաձեռնության մասնակիցներից «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխնախագահ Սոնա Այվազյանի խոսքով՝ եթե արտերկրում գտնվողները կայքում նշեն, որ դեկտեմբերի 6-ին չեն մասնակցելու հանրաքվեին, ապա իրենց դիտորդները տեղերում կկարողնան հետևել արդյո՞ք նրանց փոխարեն որևէ մեկը քվեարկել է:

Սահմանադրական հանրաքվեին արտերկրում մասնակցելու հնարավորություն ունեն միայն դիվանագետներն ու նրանց ընտանիքների անդամները՝ ընդամենը 265 հոգի: Արտերկրում գտնվող Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ չեն կարող տեղերում քվեարկել: Բացակայողների անունները, սակայն, ընտրացուցակներում չեն առանձնացվում, քվեարկած քաղաքացիների ցուցակները ընտրություններից հետո չեն հրապարակվում, և դիտորդների համար բացակայողների փոխարեն քվեարկության փաստերը բացահայտելը բարդ է: Նախաձեռնության անդամները հույս ունեն, որ այս գործիքը կնպաստի վերահսկողությանը:

Սոնա Այվազյանը նշեց, որ քվեարկության օրը սպասում են լուրջ խախտումների․ - «Իհարկե սպասում ենք: Արդեն իսկ այս ամբողջ քարոզչության գործընթացը ցույց տվեց, որ ամբողջ պետական համակարգը ներդրված է հատուկ ստանալու «այո» պատասխան, և իրենք ամեն ինչի պատրաստ են դրա համար․․․ Նրանց տեսանկյունից կենաց ու մահու պայքար է: Մեզ համար ևս դա կենաց ու մահու պայքար է որոշ չափով, որովհետև մեզ պարտադրվել է այդ պայքարը: Դրա համար շատ կարևոր է այդ դիտարկումը»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը գտնում է, որ բնակչության նվազման միտումների պայմաններում տարեցտարի ստվարացող ընտրացուցակների համար որևէ խելամիտ բացատրություն չի տրվել: Ընտրողների թվի շարունակական աճը, ըստ նրա, անտրամաբանական է և կասկածելի, ուստի քաղաքացիական հասարակությունը ստիպված է նորանոր գործիքներ կիրառել հնարավոր խախտումները կանխելու համար․ - «Տոտալ վերահսկողության գաղափարը առաջ է գալիս, երբ որ իրապես կան տոտալ կեղծիքների վերաբերյալ լուրջ մտահոգություններ»:

Սաքունցի համոզմամբ՝ ընտրությունների արդար ընթացքին հետևելու հիմնական ծանրությունը հենց դիտորդների վրա է․ հանձնաժողովի նախագահները, տեղամասները հսկող ոստիկանները երբևէ իրենց նախաձեռնությամբ ընտրախախտումներ չեն կանխել․ - «Գիտակցաբար անգործության մատնվելով՝ ուղղակիորեն աջակցում են, եթե չասենք, շատ դեպքերում նույնիսկ հովանավորում են: Այ, հիմա ահաբեկչական խումբ կանխեցին, իրենց ասելով: Ընտրական ամբողջ պրոցեսը ահաբեկողների մի ամբողջ խումբ կա՝ ավելի մեծ թվով: Էդ ո՞նց ա չեն կանխում, էդ ո՞նց ա չեն բացահայտում․․․ Մի տարի չի, էրկու տարի չի․․․ Շատ պարզունակ կարող է լինել ամեն ինչը գցել դիտորդների վրա կամ վստահված անձանց վրա»:

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը նշեց, որ թեև բոլոր ընտրատեղամասերը չեն կարողանա ծածկել, բայց «ամեն դեպքում լինելու է պրեսինգ տեղամասերում, որպեսզի թույլ չտանք կեղծիքներ»:

«Ճիշտն ասած, էս ամբողջը ընդդիմադիր կուսակցությունները պիտի վաղուց կազմակերպած լինեին, և մեր դերակատարությունը փոքր պիտի լիներ», - շարունակեց նա: - «Հիմա ստացվել է այնպես, որ քաղաքական լուրջ առաքելություն է ընկել մեզ վրա․․․ Բայց իշխանության մեղքի բաժինն էլ կա․ ինքը դիտավորյալ տարիներ շարունակ թուլացրել է կուսակցական համակարգը, ընդդիմադիր կուսակցություններին, մեկին գերի է վերցրել, մեկին ոչնչացրել է»:

Բարսեղյանը կարծում է, որ դեկտեմբերի 6-ին ընտրատեղամասերում դժվար է լինելու ոչ միայն իրենց համար․ - «Մեզ ամսի 6-ին սպասում է շատ լուրջ առճակատում, երբ հանրության ճնշող մեծամասնությունը իր վրա բանեցվող ճնշումներին, կաշառքներին, համոզմանը, ահաբեկմանը կասի՝ հա, եղավ հոպար, քո ասածն ա, կանենք, իհարկե կանենք: Մտնելու են տեղամաս մարդիկ և անելու են իրենց ուզածը և ոչ թե իրենց թելադրվածը: Էդպիսի արդար ժողովրդական դավադրություն մենք տեսել ենք նախագահական ընտրությունների ժամանակ 14 քաղաքներում»:

XS
SM
MD
LG