Մատչելիության հղումներ

logo-print

«Նոր Հայաստան»-ը դեկտեմբերի 6-ը «վճռական հանրահավաքի» օր է հայտարարում


Ժիրայր Սեֆիլյանը Ազատության հրապարակում

Ժիրայր Սեֆիլյանը Ազատության հրապարակում

«Նոր Հայաստան»-ը վճռական հանրահավաքի օր է հայտարարում։ Դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեից հետո, շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի խոսքով՝ վճռորոշ գիշեր է լինելու։

«Եթե նրանք համարձակվեն «այո»-ն փորձել հաստատել, ապա չեղարկումը մնում է օրակարգում և ժողովուրդը սկսում է ճնշել և պարտադրել իր կամքը, որ այդ չեղարկումը տեղի ունենա։ Բոլորս այստեղ ենք լինելու՝ ժողովրդով, գիշերը այստեղ ենք լինելու, կլինեն երթեր, կլինեն այցեր տարբեր շենքերի առաջ, ճանապարհներ փակվել, ճնշել և այլն»,- հայտարարեց «Նոր Հայաստան»-ի առաջնորդը։

Սեֆիլյանը չբացառեց, որ հանրաքվեից հետո գիշերը կայցելեն նաև պետական կառույցներ։ Արդեն չորրորդ օրը շարունակվող շուրջօրյա նստացույց անող շարժման առաջնորդը այսօր Ազատության հրապարակում հայտարարեց՝ հակադիր ճամբարում անդորրը խախտվել է, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ փորձում են իրենց հետ հարաբերություններ հաստատել։

«Այս օրերի ընթացքում մենք տարբեր զարմանալի զանգեր ենք ստանում բարձրաստիճան պաշտոնյաներից, որոնք մեր շրջապատի հետ տարիներով կապ չեն ունեցել, սակայն զանգում են, փորձում են հարաբերություններ հաստատել»,- ասաց Սեֆիլյանը։

«Նոր Հայաստան»-ի անդամները պատրաստվում են նաև վրան տեղադրել հրապարակում, թեև քաղաքապետարանը թույլ չէր տվել։ Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ օրակարգում է նաև միասնական ընդդիմադիր մարմին ստեղծելու հարցը։ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այդ հարցով բանակցություններ է վարում։

«Ես կարծում եմ, որ այդ առաջարկությունը ժողովրդի սրտից է նաև խոսում, և ունեմ կարծիք, որ ուշ, թե շուտ այդ միավորումը, ինչպես մենք ենք պատկերացնում, լինելու»,- ասաց Սեֆիլյանը։

«Նոր Հայաստան»-ի առաջնորդները այսօր ճնշումների մասին բարձրաձայնեցին, պնդեցին, որ ոստիկանությունը մարզերից Երևան եկած իրենց աջակիցների տներ է այցելում։ Անդրիաս Ղուկասյանն էլ պատմեց, որ այսօր առավոտյան ոստիկանությունը առգրավվել է իրենց 4 սեղանները, բաժին է տարվել նաև շարժման անդամ Գագիկ Եղիազարյանը։

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Եղիազարյանի հանդեպ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու փաստով արձանագրություն է կազմվում։

XS
SM
MD
LG