Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Բելգրադում հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ


Դեկտեմբերի 3-ին Բելգրադում ԵԱՀԿ մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

«Էդվարդ Նալբանդյանը և Հերբերտ Զալբերը քննարկեցին ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացը, շեշտվեց խնդրի կարգավորման համար կողմերի միջև բարձր մակարդակի երկխոսության կարևորությունը: Հերբերտ Զալբերը վերահաստատեց Եվրոպական միության աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը»,- հայտնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկատվության վարչությունը։

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստան - ԵՄ հարաբերությունները, կարևորվել է առաջիկա օրերին ՀՀ - ԵՄ հարաբերությունների նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների մեկնարկը:

Նալբանդյանը Բելգրադում հանդիպել է նաև Իսպանիայի արտաքին գործերի պետքարտուղար Իգնասիո Իբանյեսի հետ։ Հանդիպմանը քննարկվել են հայ-իսպանական հարաբերությունների զարգացման ուղիները։

Ֆինլանդիայի ԱԳ նախարար Թիմո Սոինիի հետ հանդիպմանն էլ երկու նախարարները գոհունակություն են հայտնել հայ-ֆիննական հարաբերություններում առկա դրական դինամիկայի կապակցությամբ, քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով համատեղ ձեռնարկվելիք քայլերը, բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի համալրումը, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը։

Թիմո Սոինին Էդվարդ Նալբանդյանին հրավիրել է այցելել Ֆինլանդիա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG