Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը Բաղրամյանի ցուցարարների գործով դիմել է վարչական դատարան


Ոստիկանները ճեղքում են ցուցարարների պատը, 12-ը սեպտեմբերի, 2015թ.
Ոստիկանները ճեղքում են ցուցարարների պատը, 12-ը սեպտեմբերի, 2015թ.

Հայտնի պարի նմանվող գործողությամբ սեպտեմբերի 12-ի առավոտյան Բաղրամյանից բերման ենթարկված քաղաքացիների գործերով ոստիկանությունը դիմել է Վարչական դատարան։ Այդ օրը «Ո՛չ թալանին» նախաձեռնության ակտիվիստները կրկին փակել էին Բաղրամյանը։ Արտուշ Չիբուխչյանը մեկ ամսից կկանգնի դատարանի առջև՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։

«Առաջին հայացքից թվում էր, թե շատ հանգիստ, շատ խաղաղ միջոց է կիրառվում, սակայն ճանապարհի այն հատվածում, որտեղ չկային տեսախցիկներ, ոստիկանությունը բռնություն էր կիրառում քաղաքացիների նկատմամբ։ Երբ մարդկանց բաժանեցին երկու մասին, մի մասը լրատվամիջոցներն էին, իսկ աջ մասում ոչ մի կամերա չկա։ Կարմիր բերետավորները օգտվեցին դրանից»,- պատմեց Չիբուխչյանը։

Ակտիվիստի կարծիքով՝ տվյալ հոդվածը ոստիկանությունը իրենց ճնշելու համար է օգտագործում, իրենք խաղաղ հավաք են անցկացրել, ինչի իրավունքն ամրագրված է Սահմանադրությամբ, մինչդեռ ոստիկանները, խաղաղ ցուցարարներին բերման ենթարկելով, անօրինականություն են թույլ տվել։

«Էսօր ֆինանսական առումով շատ գումար չունենք, շատ ուժեղ չենք այդ մասով, իրենք փորձում են ճնշել հենց դրանով, գիտեն որտեղ խփել։ Եթե մարդիկ դուրս են գալիս սոցիալական պայքարի, պարզ է, որ դուրս են գալիս նրա համար, որովհետև բավարար գումար չունեն հոսանքի համար ավելի մուծել, հացի համար ավելի մուծել»,- նկատեց Չիբուխչյանը։

Ոստիկանությունը դատարան է դիմել նաև «Ո՛չ թալանին»-ից Մաքսիմ Սարգսյանի դեմ. ոստիկանի օրինական պահանջը չկատարելուց բացի նա նաև պատասխան պետք է տա երթուղուց շեղվելու համար, քանի որ այդ օրվա ցույցի և երթի պատասխանատուն էր։

«Երբ մարդիկ սկսեցին վազել Բաղրամյան, իրենք համարում են, որ դա կազմակերպիչներն են շեղել երթուղուց, և այդ մասով ևս մի հոդված ավելացրել են՝ որպես վարչական իրավախախտում։ Մենք դատական գործընթացի ընթացքում էլ կապացուցենք, որ դա ինքնաբուխ է եղել»։

Սեպտեմբերի 12-ի առավոտյան բերման էին ենթարկվել 48 քաղաքացիներ, Մաքսիմ Սարգսյանի տվյալներով՝ այս պահին նրանցից մոտ 20-ի մասով ոստիկանությունը արդեն դատարան է դիմել։ Ակտիվիստի խոսքով՝ այսպես իրենց չեն կարող ճնշել, հակառակը՝ իրենք շարունակում են փողոց դուրս գալ՝ սահմանադրական փոփոխությունների դեմ ցույցերին են մասնակցում։

«Եթե անգամ իրենք հասնեն դատարանի կեղծումով նրան, որ ինչ-որ մարդկանց տուգանեն, մենք միանշանակ, ինչպես միասնաբար պայքարել ենք, էնպես էլ միասնաբար էդ տուգանքների հարցը կլուծենք։ Այսինքն իրենք թող չմտածեն, թե ինչ-որ մեկի գրպանին կպնելով կարողանալու են մարդկանց հետ պահել փողոցում իրենց իրավունքի համար պայքարելուց»,- ասաց Սարգսյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը վստահ է՝ ոստիկանությունը փորձում է ճնշել ակտիվիստներին, ինչը ոչ միշտ է հաջողվում. տասնյակ օրինակներ է բերում, երբ իրավապահները դատարանում այդպես էլ չեն կարողացել բացատրել, թե ինչ է նշանակում ոստիկանի օրինական պահանջը։

«Երևույթը ավելի բնութագրող դարձնելու համար պետք է կրկնեմ ոստիկանապետի խոսքերը, որ «զոռբայությունը չի անցնում»։ Հիմա իրենք հենց էդ զոռբայությունն են ուզում անել»,- ասաց Ալեքսանյանը։

Իրավապաշտպանը հիշեցնում է՝ ավելի վաղ ոստիկանությունն էր բռնություն կիրառել ցուցարարների ու լրագրողների նկատմամբ, հունիսի 23-ի այդ գործից սակայն, մինչ օրս որևէ նորություն չկա։ Ալեքսանյանը քննությանը հետևում է, նրա խոսքով ակնհայտորեն գործը ձգձգում են, վերջերս էլ երկու ամսով երկարաձգել են նախաքննությունը։

«Մինչև հիմա որևէ մեկը անգամ չի տուգանվել ոստիկանության աշխատակիցներից, որոնք միտումնավոր և դիտավորյալ հարձակվել էին լրագրողների վրա։ Կադրերը կան, կա այն տեսանյութը, որտեղ [փոխոստիկանապետ] Լյովա Երանոսյանը ասում է՝ ջարդեք, և հաստագլուխները իր ետևից գալիս են ջարդելով ու հավաքելով կամերաները։ Լավ կլիներ, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այս մասին մտածել»,- նշեց իրավապաշտպանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG