Մատչելիության հղումներ

Երևանի Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքում «Ոչ»-ի ճակատի ուժերից բացի ելույթներով հանդես եկան «Նոր Հայաստանի» ներկայացուցիչները:

«Ամենակարևորն այն է, որ մենք իրագործել ենք այն նպատակը, որի համար սկսեցինք այս ամբողջ գործընթացը: Եթե հիշում եք՝ Հայ ազգային կոնգրեսը դեռ ամռանը ձևակերպեց այդ նպատակը․ վերածել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Սերժ Սարգսյանի ռեժիմին անվստահություն հայտնելու հանրաքվեի», - իր ամփոփիչ խոսքում ասաց ՀԱԿ փոխնախագահ, «Ոչ»-ի շտաբի պետ Լևոն Զուրաբյանը՝ շարունակելով․ - «Այսօր ամբողջ ժողովուրդը մերժում է սահմանադրական փոփոխությունները, որովհետև ամբողջ ժողովուրդը առաջին հերթին մերժում է Սերժ Սարգսյանին»։

ՀԱԿ փոխնախագահը իր ելույթի զգալի մասը նվիրեց նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ասուլիսին՝ այն գնահատելով «խղճուկ ելույթ»:

«Իր ելույթով Սերժ Սարգսյանը մատնեց, որ այս ամբողջ ծրագիրը իր անձնական իշխանության պահպանության ծրագիր է», - հայտարարեց Զուրաբյանը:

Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող «Ոչ»-ի շտաբին մաս կազմող ուժերից՝ Հայ ազգային կոնգրեսից, Հայաստանի ժողովրդական կուսակցությունից և «Չեք անցկացնի» նախաձեռնությունից բացի, ելույթներով հանդես եկան դեկտեմբերի 1-ից Ազատության հրապարակում հանրահավաքներ և շուրջօրյա նստացույց անցկացնող «Նոր Հայաստան» ազգային փրկության ճակատի ներկայացուցիչները:

«Նոր Հայաստանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ մտադիր է առաջիկայում ձևավորել բողոքի գործողությունները միավորող հավաքական մի խորհուրդ, որի կազմում ցանկանում է ընդգրկել «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչներին:

«Հարցականի տակ են առնում, որ՝ ինչո՞ւ եք բաժանված, ինչո՞ւ է այս թեևերը: Ես կարծում եմ, որ շատ հստակ է․ այս երկու թևերի գործունեությունը գնում է դեպի նույն կետը: Մենք չենք տարանջատվում, մենք գնալով մոտենում ենք, և այդ կետը սպասվող հեղափոխությունն է: Երկու բանակներն էլ գնում են դեպի հեղափոխություն․ այս տարին՝ առանց Սերժի: Այս տարի մենք մեր ժողովրդին նվիրելու ենք մեծ ընծա՝ այս ռեժիմի հեռացումը», - իր ելույթում հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը:

«Նոր Հայաստանին» մաս կազմող «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում կենտրոնացավ հանրաքվեի օրվա՝ դեկտեմբերի 6-ին հաջորդող իրադարձությունների վրա: «Ժառանգության» առաջնորդն ասաց, որ եթե անգամ կան որոշակի տարաձայնությունները «Նոր Հայաստանի» և «Ոչ»-ի ճակատի միջև, մասնավորապես՝ «Նոր Հայաստանն» ուզում է առհասարակ տապալել հանրաքվեն, իսկ «Ոչ»-ի ճակատը մտադիր է գնալ քվեարկության, ապա 6-ի երեկոյան արդեն այդ տարաձայնություններն էլ վերացված կլինեն և բոլոր ուժերը պետք է կենտրոնացվեն ընտրակեղծիքների դեմ պայքարելու, ժողովրդի ձայնին տեր կանգնելու համար:

«Այս պայքարը ոչ այնքան կեղծ հանրաքվեի դեմ է, այլ մենք հավաքվում ենք սահմանադրությունը, ինքնիշխանությունը վերադարձնելու ձեզ՝ ժողովրդին», - հայտարարեց Հովհաննիսյանը, - «Դեկտեմբերի 6-ի գիշերը մինչև արշալույս մենք պայքարելու ենք և բերելու ենք արևածագը Հայաստանի Հանրապետության: Կորչի՛ Հանրապետական կուսակցապետությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Հանրահավաքի կազմակերպիչներից ելույթներով հանդես եկան նաև «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Հանրահավաքն ավարտվեց «Ոչ»-ի ճակատի երթով, իսկ Ազատության հրապարակում այժմ էլ շարունակվում է «Նոր Հայաստանի» նստացույցը:

XS
SM
MD
LG