Մատչելիության հղումներ

Աղվան Վարդանյան․ «Բնական է, որ 2018-ից հետո Սերժ Սարգսյանը կփորձի մնալ իշխանության մեջ»


«Որևէ մեկը չի կարող Սերժ Սարգսյանին զրկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և ասել՝ դու քաղաքականությամբ չզբաղվես», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Սահմանադրական փոփոխությունները պաշտպանող Դաշնակցության ղեկավար անդամի փոխանցմամբ՝ իրենք բնական են համարում, որ 2018 թվականից հետո Սերժ Սարգսյանը կփորձի մնալ իշխանության մեջ և ազդեցություն ունենալ որպես քաղաքական կուսակցության ղեկավար:

«Ես ինքս հավատում եմ իմ կարդացածին և լսածներին․ խորհրդարանական կառավարման պարագայում վարչապետ չի դառնա նախագահը, Ազգային ժողովի նախագահ չի կարող դառնալ, որովհետև մինչև 2018 թվականը ինքը նախագահը է, 2017 թվականին պառլամենտական ընտրություններն ավարտվելու են համամասնական ընտրակարգով: Միայն խելագարության կանխավարկածով կարող ես մտածել, որ Սերժ Սարգսյանը իր անունը պետք է գրի 200-րդը Հանրապետականի ցուցակում, հետո, երբ իր նախագահության ժամկետն ավարտվի, 160 հոգի հրաժարական գրեն, ինքը գա դառնա պատգամավոր, դառնա Ազգային ժողովի նախագահ, ինչը զուտ աբսուրդի ժանրից է: Այս երկուսը ես գիտեմ, այս երկուսը ես տեսել եմ և տեղեկացված եմ: Մնացածի մասին․․․ որ նա կփորձի ինչ-որ կերպ մնալ իշխանության մեջ, ինչ-որ կերպ ազդեցություն ունենալ՝ որպես քաղաքական կուսակցության ղեկավար, բնական է: Որևէ մեկը չի կարող Սերժ Սարգսյանին զրկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և ասել՝ դու քաղաքականությամբ չզբաղվես», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդանյանը:

Դաշնակցական գործիչը միաժամանակ ընդգծեց, թե նոր Սահմանադրությունը թույլ կտա ազատվել իշխանության գերկենտրոնացումից ու ստեղծել իրական խորհրդարանական համակարգ:

Հարցին՝ որպես Հանրապետական կուսակցության ղեկավար արդյո՞ք Սերժ Սարգսյանը չի կարողանա ազդել նախագահի, վարչապետի, խորհրդարանի ղեկավարի որոշումների վրա, և այդ պարագայում արդյո՞ք չի լինի իշխանության նույն գերկենտրոնացումը, Վարդանյանն արձագանքեց․ - «Իհարկե չի լինի: Խորհրդարանական կառավարման համակարգը․․․ ես գրեթե 99 տոկոսով վստահ եմ, կրկնում եմ՝ եթե ընդդիմությունը իսկապես աշխատի, ոչ թե միայն այլ բաներով զբաղվի, մեծամասնություն չի ունենա որևէ մեկը, և որոշումները կկայացվեն քաղաքական ուժերի միջև խորհրդակցությունների, բանավեճերի, քննարկումների, կոնսենսուսի գալու, լավագույն լուծումները գտնելու ճանապարհով: Որևէ անձ չի կարող այդ պարագայում ունենալ բացարձակ իշխանություն»:

Չնայած Սերժ Սարգսյանի հրապարակային հավաստիացումներին՝ ընդդիմադիր գործիչները վստահ են, որ սահմանադրական փոփոխությունների նպատակը 2018 թվականից հետո Սերժ Սարգսյանին իշխանության ղեկին պահելն է:

Այս ամենի ֆոնին երեկ «Ա1+»-ին տված հարցազրույցում նույն Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց՝ եթե պահպանվի գործող Սահմանադրությունը, չի բացառվում, որ վարչապետ կդառնա Սերժ Սարգսյանը և գործադիր իշխանության բոլոր լծակները կանցնեն նրան:

Հարցին, թե արդյոք Դաշնակցությունը հստակեցրել ու պարզել է, որ Սերժ Սարգսյանը մտադիր չէ 2018 թվականից հետո զբաղեցնել վարչապետի կամ Ազգային ժողովի նախագահի պաշտոնները, թե՞ բավարարվել են սոսկ նրա հայտարարություններով, Վարդանյանն արձագանքեց․ - «Երկու բանից մենք տեղյակ ենք: Առաջինը արդեն ասացի՝ Հանրապետության նախագահը հայտարարել է․ եթե կընդունվի կառավարման խորհրդարանական մոդելը, ինքը չի հավակնելու վարչապետի պաշտոնին․․․ Ազգային ժողովի [նախագահի] պարագայում. մեր անձնական քննարկումների ժամանակ այդ հավաստիացումը մենք լսել ենք Հանրապետության նախագահից: Մենք հրապարակային դա նաև կարդացել, լսել ենք Հանրապետկաան կուսակցության կարծեմ գործադիրի նիստի ժամանակում: Հանրապետական ներկայացուցիչները, հենց նույն Դավիթ Հարությունյանը հրապարակային ասել է»:

XS
SM
MD
LG