Մատչելիության հղումներ

Անկտուր, փլուզվող շենքում ապրողներին հիշել են ոչ թե տանիքի վերանորոգման, այլ հանրաքվեի համար


8-ամյա Վոլոդյան ցույց է տալիս տան թաց պատերը

8-ամյա Վոլոդյան ցույց է տալիս տան թաց պատերը

Երևանի Նազարբեկյան 48 հասցեում երեխաներ են մեծանում համարյա բաց երկնքի տակ։

Ութամյա Վոլոդյան քնում է փլվող պատերով սենյակում: Ծնված օրից ապրում է Աջափնյակ թաղամասի այս կիսակառույց և առանց տանիքի շենքի վերջին հարկում՝ հաշմանդամություն ունեցող ծնողների և չորս ամսական քույրիկի՝ Անահիտի հետ:

Երիտասարդ ծնողները՝ Աշոտն ու Կարինեն պատմում են՝ գարնանն ու աշնանը անձրևն է պատերին հետքը թողնում, հիմա էլ հերթը ձյանն է հասել:

«Պատուհանը ցելոֆանապատել ենք, բայց էլի ամեն անձրևին լցվում ա»,- պատմում է Կարինեն.- «Էս տան մեջ ես նորածին ունեմ, որը արդեն չորս անգամ հիվանդացել է, հենա դեղորայքը, մի քանիսն էլ գրել են, չենք կարողանում առնենք։ Իմ երկու երեխան էլ առողջ են ծնվել, խոնավությունից մեկը արդեն խրոնիկ բրոնխիտ ունի, մյուսի մոտ էլ արդեն սկսվել է»։

Բաց երկնքի տակ ապրող աղքատ ընտանիքը սեփական միջոցներով է մի քանի տախտակ է ամրացրել վերնահարկում՝ իբրև տանիք։ «Մենք ամուսիններով ենք բարձրացել, էդ կտուրը վերանորոգել, ես հղի եմ եղել ու վիժել եմ, բոլորը գիտեն դա»։

Բայց ուժեղ քամին ոչ միայն տախտակներ է թռցնում-տանում, այլև պատշգամբի մի մասն է քանդել: Ընտանիքը սարսափով է հիշում՝ ինչպես բետոնի մի մեծ կտոր 8-րդ հարկից ընկավ բակ, որտեղ երեխաներ են խաղում:

Տարվա կեսը ջրհեղեղի մեջ է ապրում նաև նրանց տարեց հարևանը՝ Անահիտ Իսպիրյանը: Ասում է՝ այս շենքում ապրելու միակ եղանակը ամառն է, մնացածները հիվանդանալու համար են:

«Էրեխիս տարել եմ հիվանդանոց, սանիտարկեն ասում ա՝ էս թաց շորերը ինչի՞ եք հավաքել, բերել, ձեր տունը չոր շոր չկա՞ր, ասում եմ՝ մեր տան ամենաչոր շորը էս ա»։

Ե՛վ Կառավարությունը, և՛ քաղաքապետարանը ավելի քան 20 տարի տեղյակ են այս շենքի խնդիրներին: Նրանց ուղղված բնակիչների բազմաթիվ նամակները անպատասխան են մնացել: Շենքն ունի հասցե՝ Նազարբեկյան 48, բայց Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում չէ: Քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը պնդում է՝ անավարտ, կիսակառույց շենքերով քաղաքապետարանը չի զբաղվում:

«Ընդհանրապես Երևան համայնքի հաշվեկշռում չկա, և դրա պատճառը զուտ այն է, որ շենքը կիսավարտ է»,- փոխանցեց Գևորգյանը։

Պետական գույքի կառավարման վարչությունն էլ է հրաժարվում պատասխանատվություն ստանձնել առանց տանիքի այս շենքի համար: Վարչությունից պնդում են՝ իրենց բաժին գործն արել են՝ սեփականության իրավունք են տվել բնակիչներին, վերջիններս էլ պայմանագիր են ստորագրել՝ պարտավորվելով մասնակցել ընդհանուր օգտագործման տարածքների ամրացմանն և շենքի բարեկարգմանը:

60 հազար դրամով ապրող երիտասարդ ընտանիքը չի հրաժարվում այդ պարտավորությունից, սակայն չի հիշում, որ 10 տարվա մեջ պետական միջոցներով գոնե մեկ մեխ խփված լինի շենքում:

«Ես 16 հազար դրամով, մեկ էլ նպաստով կարա՞մ տուն սարքեմ»,- հարցնում է Աշոտը։

Մոռացված շենքի բնակիչները պնդում են՝ իշխանություններն իրենց հիշում են միայն ընտրությունից ընտրություն: Երևանի քաղաքային քարտեզից դուրս գտնվելով՝ այսօր էլ ծանուցագիր են ստացել հանրաքվեին մասնակցելու համար:

«Բա խի՞ քվեարկության թերթիկները բերեցին, ընտրությունը է, մեր տեղը արդե՞ն գիտեն։ Եթե սա ոչ մեկին չի պատկանում, մենք էլ ուրեմն մարդ չենք ստեղ»,- ասում է Աշոտը։

Մինչ պետական կառույցները կիսաքանդ շենքին տեր կանգնելու պատասխանատվությունը մեկ մյուսի վրա են դնում, գրեթե ամեն օր շենքից մի քար ու մի սյուն է ընկնում:

XS
SM
MD
LG