Մատչելիության հղումներ

Էրդողան. «Իսլամական պետություն»-ից նավթ գնում է ոչ թե Թուրքիան, այլ Ռուսաստանը»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում արհմիությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, 3-ը դեկտեմբերի, 2015թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում արհմիությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, 3-ը դեկտեմբերի, 2015թ.

Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը կտրականապես հերքում է Մոսկվայից հնչող մեղադրանքները, թե «Սիրիայի և Իրաքի Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության տակ գտնվող շրջաններում արդյունահանված նավթը արտահանվում է Թուրքիա: Այդ մասին հայտարարում է թե՛ Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն, և թե՛ նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Այսօր Ադրբեջան մեկնելուց առաջ հանդիպելով լրագրողների հետ՝ Ահմետ Դավութօղլուն հայտարարել է.- «Ռուսական մամուլի հրապարակումներն ու ռուս պաշտոնյաների՝ վերջին շաբաթվա ընթացքում հնչեցրած հայտարարությունները ինձ իմ երիտասարդ տարիները հիշեցրեցին: Սառը պատերազմի ժամանակ խորհրդային քարոզչամեքենա գոյություն ուներ, որն ամեն օր մի նոր սուտ էր հորինում, ինքը սկսում էր հավատալ դրան, ավելին՝ ակնկալում էր, որ մնացյալ աշխարհն էլ պետք է վստահի այդ կեղծ տեղեկություններին: Մենք այդ քարոզչական արշավները կոչում էինք ««Պրավդա»-ի ստեր»: Սառը պատերազմի ավարտից 25 տարի անց ռուսները կրկին ջրի երես են հանում այս նույն մարտավարությունը»։

Թուրքիայի նախագահն էլ ավելի հեռուն գնաց` այսօր Անկարայում արհմիությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարելով, թե «Իսլամական պետության» հետ նավթամթերքի առևտուրը տեղի է ունենում հենց Ռուսաստանի ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ:

«Ռուսաստանը դեռ պետք է ապացուցի, որ Թուրքական Հանրապետությունը «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն»-ից նավթ գնում: Իրականում հենց Ռուսաստանն է ներգրավված սիրիական նավթի անօրինական առևտրում: Մենք ունենք դրա ապացույցները և կներկայացնենք դրանք ողջ աշխարհին: Ես հարց եմ տալիս ձեզ` ո՞վ է «Իսլամական պետություն»-ից նավթ գնում: Պատասխանեմ. դա ծագումով սիրիացի, ռուսական անձնագիր ունեցող Ջորջ Հասվանին է»,- հայտարարեց Էրդողանը:

Սիրիական HESCO կորպորացիայի ղեկավար Հասվանիի մասին առաջին տեղեկությունները միջազգային մամուլում ի հայտ եկան գարնանը, երբ Եվրամիությունը պաշտոնապես հայտարարեց, որ այս գործարարը «Իսլամական պետություն»-ից նավթ է գնում` հետագայում այն վերավաճառելով Ասադի կառավարությանը: Ինքը՝ Հասվանին Reuters-ի հետ զրույցում կտրականապես հերքել էր ներկայացվող մեղադրանքները:

Թուրքական կողմից հնչող այս հայտարարությունների գլխավոր պատճառը Ռուսաստանի քաղաքացիական և ռազմական իշխանությունների չդադարող մեղադրանքներն են, թե հենց Անկարան է սիրիական նավթի՝ միջազգային շուկա տեղափոխման գլխավոր շահառուն:

«Նավթի վաճառքից ստացված գումարները Սիրիայում գտնվող ահաբեկիչների գործունեության գլխավոր աղբյուրներից մեկն են: Օրինական սեփականատերերից գողացված այդ նավթի գլխավոր սպառողը Թուրքիան է: Մեր ունեցած տեղեկություններով՝ այդ հանցավոր բիզնեսում ներգրավված է Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը, այդ թվում նախագահ Էրդողանը և նրա ընտանիքը»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը` մատնանշելով Էրդողանի ընտանիքի կոնկրետ անդամներին:

«Այդ թալանչիական բիզնեսների հսկողությունը կարելի է վստահել միայն ամենահավատարիմ մարդկանց: Արևմուտքում որևէ մեկի մոտ հարց չի ծագում, որ Էրդողանի որդին երկրի խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկի ղեկավարն է, իսկ փեսան նշանակվել է Թուրքիայի էներգետիկայի նախարար: Ինչպիսի փայլուն ընտանեկան բիզնես»,- հեգնել էր գեներալ Անտոնովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG