Մատչելիության հղումներ

Արևմտյան մի շարք համալսարանների փորձագետների ու տեղացի իրավաբանների հետ ամիսներ շարունակված ուսումնասիրությունից հետո «Ապելլա» վերլուծության կենտրոնը հրապարակել է զեկույց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։

Նախագծի մի շարք գլուխներում զեկույցի հեղինակները առաջընթաց են արձանագրել. կենտրոնի հիմնադիր Արմեն Մազմանյանը թվարկում է՝ կառավարության կայունության երաշխավորում, կուսակցական համակարգի զարգացում, հանրաքվեի նշանակության բարձրացում, դատարանի անկախության հավելյալ ֆորմալ երաշխիքների ստեղծում։

«Թեև սա կարող ենք առաջընթաց համարել, այնուամենայնիվ, պրակտիկայում չեմ կարծում, որ այս սկզբունքների ներառումը մեծ հեղափոխական առաջընթաց է»,- «Ազատությանն» ասաց Մազմանյանը։

Մասնագիտական խումբը մյուս կողմից հետընթաց է արձանագրել կառավարման և ընտրական համակարգի վերաբերյալ դրույթներում՝ մտահոգություն հայտնելով, որ դրանք ոչ թե կնպաստեն, այլ կխոչընդոտեն ժողովրդավարության զարգացմանը։ Որպես հիմնավորում երեք կետ են ներկայացնում. նախ կասկածի տակ են դնում «այո»-ի կողմնակիցների փաստարկները, թե խորհրդարանական մոդելի դեպքում բացառվելու են կառավարման ճգնաժամերը։

«Երբ իշխանության կլինի միայն մեկ ուժ և հատկապես հաշվի առնելով մեր քաղաքական մշակույթի անձնահատկությունները, ես վստահ եմ, այդ ուժը կշարունակի իշխել մենիշխանական տենդենցներին հետևելով և կմարգինալիզացվեն օպոզիցիոն դաշտի շարժումները և ստիպողաբար կմղվեն փողոց»,- ասաց փորձագետը։

Փորձագետները համաձայն են՝ խորհրդարանում հստակ մեծամասնություն ունենալը կերաշխավորի կառավարության կայունությունը։ Միաժամանակ մտավախություն կա, որ սա կարող է փակել քաղաքական երկխոսության հեռանկարը կուսակցությունների և քաղաքացիական խմբերի միջև՝ ամրապնդելով մեկ ուժի իշխանությունը։

«Ժամանակակից ժողովրդավարությունը մեծամասնության կամ մեկ ուժի իշխանության մասին չէ։ Ժամանակակից ժողովրդավարությունը տարբեր քաղաքական ուժերի, մեծամասնության, փոքրամասնության, տարբեր կուսակցությունների, տարբեր պլատֆորմների, գաղափարախոսությունների երկխոսությունն է։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ այս Սահմանադրության տրամաբանությունը երկխոսությունը չէ, այլ մեկ ուժի՝ մյուս նկատմամբ առավելությամբ և մենիշխանական տենդենցների դրսևորմամբ է արտահայտվում»,- ընդգծեց Մազմանյանը։

Թեև «այո»-ի կողմնակիցների հիմնական փաստարկներից մեկն այն է, որ սահմանադրական բարեփոխումից հետո տեղի կունենա իշխանության ապակենտրոնացում, ընդդիմությանը կտրվեն հավելյալ լիազորություններ, փորձագետները փաստում են, այնուամենայնիվ, ընդդիմությունը առավելապես կունենա դիտորդական կարգավիճակ։

«Բառացիորեն գործադիր իշխանությունը կիսվում է նախագահի և կառավարության միջև, մինչդեռ երբ մենք անցում կկատարենք խորհրդարանական համակարգի, ապա ամբողջ գործադիր իշխանությունը կկենտրոնանա միայն մեկ մարմնի՝ կառավարության ձեռքում։ Եվ մենք տեսնում ենք, որ ի տարբերություն գործող համակարգի, սա ակնհայտորեն ոչ թե ապակենտրոնացման, ապամենաշնորային կառավարման, այլ հենց կենտրոնացման գործիք է»։

Վիճահարույց 3-րդ և ամենակարևոր կետը իրավագետ Մազմանյանը համարում է հայեցակարգի հիմքում դրված պնդումներից մեկը, որ համապետական ընտրությունները 2-ի փոխարեն 1-ը դարձնելը մեղմելու են «նախընտրական, ընտրական և հետընտրական լարվածությունը՝ չխանգարելով գործադիր իշխանության կայունությանն ու բնականոն գործունեությանը»։

«Սա ես դիտում եմ այդ հայեցակարգի և ընդհանրապես այդ ռեֆորմի հակաժողովրդավարական լինելու ամենակարևոր ինքնախոստովանություններից մեկը։ Ընտրությունների հետ կապված ցնցումները պետք է կառավարել ոչ թե ընտրությունները օրակարգից հանելով, այլ դրանց որակը բարձրացնելով։ Եթե ընտրությունները հանում ենք օրակարգից կամ Սահմանադրությունից, չի նշանակում, որ այդ ցնցումները տեղի չեն ունենա, դրանք կգտնեն այլ առիթ»,- շեշտեց իրավագետը։

XS
SM
MD
LG